Մամուլ

Նոր քաղաքական ուժ. որքանո՞վ այն կօգնի ընդդիմության միավորմանը

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը այսօր մեծ հավաք է հրավիրել և «Միասնության թևեր» անունով նախաձեռնություն է սկսում։ Առաջիկայում դա դառնալու է կուսակցություն, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Նախաձեռնության մեջ հիմնականում ընդգրկված են Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ ՄԻՊ գրասենյակում աշխատած մարդիկ, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Որ այս գործիչները համատեղ ինչ-որ ուժ են նախաձեռնում, հայտնի էր բավական վաղուց։ Օրեր առաջ Թաթոյանը տեսաուղերձ հրապարակեց՝ նշելով, որ միայն իրավապաշտպան գործունեությունը բավարար չէ Հայաստանի խնդիրները լուծելու համար, ուստի մտնում է ակտիվ քաղաքականություն։ Թաթոյանը, ի տարբերություն Փաշինյանի, վարկաբեկված չէ, ունի բավական բարձր հեղինակություն և հանրային վստահություն։ Հաշվի են առնում նաև օմբուդսմենի պաշտոնում նրա արդյունավետ աշխատանքը և իշխանություններին դիմադրելու համարձակությունը։ Զարմանալի չէ, որ իշխանական քարոզչամեքենան հենց առաջին վայրկյաններից սկսեց թիրախավորել Արման Թաթոյանին՝ փորձելով նրան կապել նախկինների հետ։ Հիշեցնենք, որ Թաթոյանը մի քանի տարի արդարադատության փոխնախարար է եղել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։

Բնական է, որ իշխանությունը փորձելու է «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը չարաշահել և առաջ մղել սեփական օրակարգը։ Մի կողմից, իհարկե, լավ է, որ նոր ընդդիմադիր քաղաքական ուժեր են մուտք գործում ասպարեզ։ Մյուս կողմից էլ դա իր հետ նաև վտանգներ է պարունակում։ Ըստ էության՝ այդ ուժերը, որոնք շատ մեծ ռեսուրսների չեն տիրապետում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող են լուրջ ձայներ տանել ընդդիմությունից՝ արդյունքում փոշիացնելով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, ինչը, ըստ էության, ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանին։

Այս իմաստով նոր կուսակցությունների ձևավորումը պետք է ուղեկցվի նաև ընդդիմության ընդհանուր համախմբման օրակարգով, որովհետև միայն դա է, որ հնարավորություն կտա Հայաստանին և հայ ժողովրդին ազատվել Նիկոլ Փաշինյանի ներկայությունից։

Աղբյուրը՝ past.am