Նոր Նորքի 4-րդ զանգվածի «Ծիածան» մարկետի մոտ «Լեքսուսի» վարորդի սպանությունը բացահայտվել է (Տեսանյութ)
Նոր Նորքի 4-րդ զանգվածի «Ծիածան» մարկետի մոտ «Լեքսուսի» վարորդի սպանությունը բացահայտվել է
Ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվեց տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը 39 տարեկան էր, Երևանի բնակիչ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Բակունցի փողոցից։
Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի, տարածքային նախաքննական մարմնի և իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Բակունցի փողոցի թիվ 12 շենքի դիմաց հայտնաբերվեց սպանված տղամարդու «Լեքսուսը»՝ վթարված վիճակում։
Մեքենայի վրա կրակոցների հետքեր կային։ Վթարված մեքենաներից մոտ 300 մետրի վրա հայտնաբերվեց 7,62 մմ տրամաչափի կրակված երեք պարկուճ։ Պարզ դարձավ, որ «Լեքսուսի» վարորդի ուղղությամբ կրակոցներն արձակվել էին Բակունցի 1 հասցեի մոտ։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը կարողացել էր ընդամենը երեք հարյուր մետր վարել մեքենան, ինչից հետո «Լեքսուսը» բախվել էր կայանված մի մեքենայի։
Մարդիկ օգնության էին հասել, ահազանգել 1-03, բայց 39-ամյա տղամարդու ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, զուգահեռ կատարվեցին նաև քննչական գործողություններ։ Համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվեց հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
Երևանի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Նոր Նորքի բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։