Նոր մանրամասներ 16-ամյա երիտասարդի սպանությունից. Կասկածյալների տունը 300 մետրի վրա է գտնվում
Շաբաթ օրը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 16-ամյա պատանու կյանքը խլած սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Բնակիչները News.am-ին հայտնեցին, որ սպանվածը սովորում էր ավագ դպրոցում, ընտանիքում երեք երեխա են, ունի իրենից մեծ քույր եւ փոքր եղբայր:
Սպանության մեջ կասկածվողները 2020-ի 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանվածներ են, երկու եղբայրներ, որոնք եւս այդ օրը տարբեր վիրավորումներով տեղափոխվել են «Ուիգմոր» ԲԿ: Այս պահին սպանության մեջ կասկածվողների տան մոտ հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը:
Նշենք, որ թե սպանված պատանու, թե սպանության մեջ կասկածվողների տներն իրարից շուրջ 300 մետր հեռավորության վրա են, մեկ փողոց է բաժանում:
Այս պահին Քանաքեռի 5-րդ փողոցի մուտքի մոտ դեպի սպանված 16-ամյա տղայի տան ճանապարհին սեւ ժապավեն է փակցված՝ «Բենո 16»:
Նշենք, որ 16-ամյա տղայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, վաղը նրան կհուղարկավորեն: