Դեպքից 2 օր առաջ տանն էր եղել․ նոր մանրամասներ զինծառայողի մահվան ողբերգական դեպքից
NEWS.am-ը գրում է․ «Փետրվարի 7-ին մահացած հայտանաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանը 22 տարեկան էր, նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը՝ նշելով, որ դեպքից ընդամենը երկու օր առաջ Դավիթը տանն է եղել։
«Դավիթը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում։ Մեկ տարուց ավել էր մնացել ծառայությունն ավարտելուն։ Շատ հանգիստ, խելոք երեխա էր, անգամ ամաչելով էր բարևում։ Ոչ մի անգամ իրենից ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել։ Հրամանատարությունն էլ ասում է՝ շատ լավ ծառայող երեխա էր։ Չենք հասկանում ինչն է պատճառը, որ սենց եղավ։ Դեպքից երկու-երեք օր առաջ տանն է եղել, նոր էր բարձրացել դիրքեր։ Ծնողների հետ չեմ կարողացել խոսել, Դավիթի հորն եմ տեսել, բայց ահավոր վիճակում էր, մի բառ անգամ չկարողացավ խոսել», – պատմեց Բագրատաշենի վարչական ղեկավարը՝ նշելով, որ Դավիթը ծառայում էր Կողբի զորամասում։
Սարգիս Անտոնյանը նշեց, որ Դավիթը ծնողների, տատիկի և փոքր քրոջ հետ էր ապրում գյուղում։ Դավիթի հայրը տաքսի է վարում, մայրը՝ տորթերի պատրաստմամբ և վաճառքով է զբաղվում։
Դավիթ Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 11-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»:



