Մամուլ

Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից

Aravot.am-ը գրում է․ Մի քանի օր առաջ կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում, տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն էր տեղի ունեցել․ կանգնել էր մի մեքենա, որից 4-5 հոգի, դանակներով զինված իջնելով՝ հարձակվել էին կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։

1996 թվականին ծնված Հ․Մ․-ին մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ և վիրահատել էին նրան։

Տուժողը սպորտսմեն է, բռնցքամարտիկ, Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Թե որն է եղել օրը ցերեկով, Գյումրու բանուկ հատվածում քաղաքացիների աչքի առջև մարդ դանակահարելու պատճառը, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, այս դեպքից երկու օր առաջ վիճաբանություն է ծագել ավտոմեքենան արագ վարելու ու ճանապարհը չզիջելու շուրջ, որի ժամանակ սպորտսմեն երիտասարդը 2 հոգու ցույց է տվել իր բազկի ուժը։

Նրանք էլ, չմարսելով կատարվածը, տղաների են հավաքել և որոշել քաղաքի աչքի առջև պատժել սպորտսմենին։ Շիրակի մարզի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որպես կասկածյալ, ըստ shamshyan.com-ի, որոնվում էր 31-ամյա Խ. Մ․-ն։

Կիսվեք ձեր էջում