ՄամուլՏեսանյութ

Նոր մանրամասներ՝ Պուշկին փողոցում Յուրի Մինասյանի դաժան սպանությունից (Տեսանյութ)

Նոր մանրամասներ՝ Պուշկին փողոցում Յուրի Մինասյանի դաժան սպանությունից (Տեսանյութ)

Նախորդ շաբաթ՝ մարտի հինգի լույս վեցի գիշերը, Պուշկին 60 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ունեցել է ողբերգական ավարտ․ երեք երեխաների հայր, 48-ամյա Յուրի Մինասյանը նախօրեին մահացել է ստացված վնասվածքներից։ Յուրի Մինասյանն ինքն է ահազանգել ոստիկանություն, ասել, որ արնաքամ է լինում։

Հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, շուրջ 10 օր անց՝ մարտի 14-ին, մահացել է։ Սպանված տղամարդն այդ օրը եղել է Պուշկին 60 հասցեում գտնվող «Բիթլզ» ակումբում։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նա ակումբում է եղել ընկերների հետ և տարաձայնություններ են ունեցել այնտեղ գտնվող մեկ այլ անձի հետ։ «Քննությամբ պարզվել է, որ Յ․ Մինասյանը մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևանի բնակիչ Հ․Մ․-ի հետ։

Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։

Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնում է Քննչական կոմիտեն։ «Բիթլզ» ակումբի տնօրենը՝ Ռուբեն Ալանակյանը, որը չցանկացավ կադրում երևալ, ասաց՝ իրենք միջադեպի մասին չեն իմացել, ձայներ էլ չեն լսել, Յուրին և մյուսները ակումբից դուրս են եկել առանց վիճաբանելու։

Ակումբի տնօրենի տրամադրած տեսագրությունում երևեում է, թե ինչպես են ծեծկռտուքի ենթադրյալ մասնակիցները դուրս գալիս փաբից: Ակումբի տնօրենը նշեց, որ իրենք ունեն անվտանգության երեք աշխատակիցներ, որոնք այդ օրը ոչինչ չեն տեսել»,- ասել է ՔԿ խոսնակը։

Ենթադրյալ սպանություն կատարած անձին՝ Հարություն Մկրտչյանին, դեռ չեն հայտնաբերել։

Կիսվել