Նոր հանգամանքներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով
Նոր հանգամանքներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում կատարված սպանության եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էջմիածին քաղաքի երկու 27-ամյա երիտասարդների` հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին: Ավելի ուշ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը:
Վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում մահացած երիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին բախված վիճակում, հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում, որի զննությամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ, որոնք հետեւանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած կրակահերթի:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նշված զինված միջադեպի ժամանակ:
2022թ. օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, Երեւան-Արմավիր ավտոճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա՝ գրեթե ամբողջությամբ այրված վիճակում:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ, ինքնաձիգ՝ այրված վիճակում:
Քննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակահերթ արձակվել է հիշյալ «Opel» մակնիշի ավտոմեքենայից:
Քրեական վարույթի շրջանակներում, էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այրված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։