Նոր լուսանկարներ՝ Աշտարակի մայրուղում տեղի ունեցած վթարից
Նոր լուսանկարներ՝ Աշտարակի մայրուղում տեղի ունեցած վթարից
Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանև վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Գրիգորյանն ու Լուսինե Արշակյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր ծաղիկներ տեղափոխելու համար:

Դեպքի մասին տեղեկանալով՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները, ովքեր սպասում են, որպեսզի պարեկային ծառայողների՝ աշխանանքեր կատարելուց հետո կարգի բերեն վթարի վայրը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է նաև ճանապարհը կառուցող ընկերությունը, որը «ԱԱԲ» պրոյեկտ ՍՊԸ-ի ներկայացուցիչներն են, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել ճանապարհը մաքրելու, կոտրված երկաթբետոնե հատվածները նորով փոխարինելու ուղղությամբ:
