Նորվեգիայում կկայանա «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթը
Այսօր Նորվեգիայում կկայանա «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթը։ Հայաստանը ներկայացնում է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Նա ելույթ կունանա 5-րդ համարի ներքո. կկատարի Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտ Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։
Մրցույթին այս տարի մասնակցում է 11 երկրի ներկայացուցիչ։
Մրցույթի հաղթող մասնակիցն ընտրվելու է ժյուրիի քվեարկությամբ, որի նախագահն է նորվեգացի դիրիժոր Թաբիթա Բերգլունդը։ Ժյուրիի կազմում են նաև հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, կլարնետահար Անդրեաս Սունդենը Շվեդիայից և հարվածային գործիքներ նվագող ավստրիացի Մարտին Գրուբինգերը:
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները ելույթ կունենան Նորվեգական ռադիոյի նվագախմբի հետ` Էյվինդ Օդլանդի ղեկավարությամբ։