Մամուլ

Նորակոչիկների երդմանը հարազատները կարող են մասնակցել կովիդի թեստի բացասական պատասխանով

Նորակոչիկների երդմանը հարազատները կարող են մասնակցել կովիդի թեստի բացասական պատասխանով

Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Պն-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է։

Կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը և հաշվի առնելով ԶՈւ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների և, մասնավորապես՝ կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանվել է հետևյալ կարգը․

նորակոչիկները երդվեցին

1․ Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):

2․ Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես՝ պետք է պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և այլն։

Նույն կարգը գործում է նաև զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։

Հորդորում ենք զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առաջնայինը զինծառայողների առողջությունն է և բանակի մարտունակության պահպանումը։

Կիսվել