Նորածնային ջրծաղիկի դեպքերը շատացել են. ինչ է զգուշացնում մասնագետը
Նորածնային ջրծաղիկի դեպքերը շատացել են. ինչ է զգուշացնում մասնագետը
ArmLur.am-ը գրում է․ Երեխան հիվանդացել է, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, հորդորում են մասնագետները եւ կոչ անում դիմել բժշկի:
Հայաստանում ջրծաղիկի դեպքերն ավելացել են:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսվա ընթացքում ջրծաղիկի դեպքերը 576-ով ավելացել են: Մեզ հայտնի դարձավ, որ 2022 թվականի մարտ ամսին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 1735 դեպք, իսկ փետրվարին այն կազմել է 1159: Ավելին, նշենք, որ հունվար-մարտ ամիսներին մեր երկրում արձանագրված ջրծաղիկի դեպքերը կազմել են 4141:
Իսկ ահա ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, մեր հանրապետությունում անցած մեկ ամսվա ընթացքում՝ մինչ այս պահը, գրանցվել է ջրծաղիկի շուրջ 2000 դեպք:
Վարակաբան Գոհար Թամազյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մեր հանրապետությունում գրանցվում է նաեւ նորածնային ջրծաղիկի դեպքեր: Մեր զրուցակցի խոսքով, դրանք ըստ տարիքի համարվում են ծանր դեպքեր, որովհետեւ մինչեւ 1-2 ամսական երեխան ավելի ծանր է տանում ցանկացած հիվանդություն, քան այդ տարիքից ավելի մեծ երեխաները:
Նշենք, որ ջրծաղիկի ամենաբնորոշ նշանը քոր հարուցող բշտիկային ցանավորումն է, որն ի հայտ է գալիս վարակվելուց 10-21 օր անց և սովորաբար տևում է 5-10 օր: Զրույցի ընթացքում մասնագետը եւս մեկ անգամ հորդորեց ծնողներին երեխայի մաշկի վրա ավելորդ նյութեր չքսել: Իսկ քորը հանգստացնող միջոցը, դա թեթեւ լոգանքն է:
Ջրծաղիկը վարակիչ հիվանդություն է, որով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները: Հիվանդանալուց հետո ձեռք է բերվում իմունիտետ, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդության հարուցիչը վիրուսն է:
Վիրուսը տարածվում է արագ, վարակման աղբյուրը հիվանդ մարդն է: Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում