ՄամուլՏեսանյութ

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա. Մարուքյան

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա. Մարուքյան

Նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ, այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

 «Որպես իրավաբան՝ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ»,– ասել է նա:

Մարուքյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հրադադարի վերաբերյալ փաստաթուղթ է, ուզենք թե չուզենք՝ միջազգային պայմանագրի նշանակություն ունի, ազդեցություն է ունեցել և կիրառվել ու կիրառվում է ստորագրվելուց հետո:

Էդմոն Մարուքյանը նաև նշել է որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հանցակազմ չկա:

«Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում կարո՞ղ է դիտվել՝ որպես հաղորդում հանցագործության մասին. բնավ ոչ, որովհետև դա քաղաքական ելույթ էր, վերլուծություն էր անցածի  և ապագայի մասին բաց խոսակցություն:

nikol pashinyan azgayin

Ես ինքս մեղադրել եմ վարչապետին, որ նա պետք է ժողովրդի հետ անկեղծ խոսի, ասել եմ, որ Հայաստանի ընդդիմությունը սխալ հարցում է վարչապետին մեղադրում, նրանք մեղադրանքը պետք է վերաորակեն, իրենք պետք է ասեին՝ եղբայր, ինչո՞ւ չգնացիր խաղաղ հանգուցալուծման, օրինակ՝ Լավրովի պլանը չիրագործեցիր, որպեսզի պատերազմ չլինի… Էդ մեղադրանքը որոշակի լեգիտիմություն ունի»,– ասել է նա:

Նրա խոսքով՝ ֆունդամենտալ դեր ունի նախկին իշխանությունը, որ ասում է՝ բանակցային փաթեթը երկու ճանապարհ ունի՝ կամ գնում է փոխզիջման, կամ սկսվում է պատերազմ: «Էս իշխանությանն իրենք մղել են անկյուն և իրենք մեղավոր են նաև դրա համար, որ չեն ասել՝ եղբայր, եկեք ձեզ օգնենք, մենք պատրաստ ենք ձեզ օգնել, էս հողերը պետք է հանձնել»,– ասել է նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել