«Նշեք գոնե մեկ պատճառ, թե ինչու մենք արժանի չենք համաներման. Սա՞ էր սպասված աննախադեպ համաներումը». Նելլի Մինասյան
«Նորք-Մարաշի զինված խմբի» գործով ամբաստանյալ, քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին.
«Պարոն Փաշինյան և պարոն Զեյնալյան. բազմաթիվ տարբերակներով փորձել եմ կապվել ձեզ հետ, որպեսզի ներկայացնեմ Նորք-Մարաշի զինված խմբի գործը, որի շրջանակներում ես ևս հանդիսանում եմ ամբաստանյալ, սակայն ապարդյուն, դուք անհասանելի եք, այժմ երբ միակ ու վերջին հույսը համաներումն էր, որով և մենք կստանանք ազատություն, պարզվում է, որ մեզ բացարձակ չեք հիշել: Սա՞ էր սպասված ԱՆՆԱԽԱԴԵՊ համաներումը:
Խնդրում եմ անդրադառնալ և նշել գոնե մեկ պատճառ, թե ինչու մենք արժանի չենք համաներման մեջ ընդգրկվելու: Նույն պայքարի շրջանակներում ազատում եք «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, ինչը շատ ողջունելի է, քանի որ նրանք արդարության մարտիկներն են, սակայն մեր և նրանց տարբերությունն այն է, որ մենք որևէ գործողություն չենք արել, իրենք հասցրել են անեն: Պայքարը նույնն էր, նախկին իշխանությունների դեմ:
Ինձ առաջադրված է իշխանության յուրացում, նույն հոդվածը՝ ինչ ռոբերտ քոչարյանին, սա համարում եք նորմա՞լ, մենք արդյոք նույն աստիճանի վրա կարո՞ղ ենք գտնվել, և ի՞նչ իշխանություն եմ յուրացրել ես:
Այժմ խնդրում և պահանջում եմ նշել այն պատճառները, որը թույլ չի տալիս մեզ ունենալ շուրջ 3 տարի սպասված լիարժեք ազատությունը…»: