Աշխարհ

Նյու Յորքում ձերբակալել են 3,6 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի Bitfinex բորսան կոտրողներին

Նյու Յորքում ձերբակալել են 3,6 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի Bitfinex բորսան կոտրողներին

Երեքշաբթի օրը հայտարարվել էր կրիպտոարժույթի պատմության մեջ ամենամեծ գողության բացահայտման մասին՝ առգրավելով ռեկորդային 3,6 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոին ամուսնական զույգից, որը 2016 թվականին ենթադրաբար կոտրել է կրիպտոարժույթի Bitfinex բորսան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

34-ամյա Իլյա Լիխտենշտեյնը եւ նրա կինը՝ 31-ամյա Հիզեր Մորգանը, ձերբակալվել են երեքշաբթի առավոտյան՝ նյույորքյան Մանհեթենում։ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի խոսքով՝ Լիխտենշտեյնը եւ Մորգանը կանգնած են արդարադատության նախարարության պատմության մեջ ամենամեծ ֆինանսական յուրացման հետեւում:

Մոնակոն ընդգծել է, որ նախարարության կողմից իրականացված հաջող գործողությունը ապացույցն է այն բանի, որ կրիպտոարժույթն այլեւս «հանցագործների համար ապաստարան չէ»։

Նյու Յորքում բնակվող Լիխտենշտեյն ու Մորգան ամուսինները երեքշաբթի կեսօրին կանգնել են Հարավային շրջանի դաշնային դատարանի առջեւ: Նրանց փողերի լվացման եւ իշխանություններին խաբելու հանցավոր պայմանավորվածության մեղադրանք է առաջադրվել: Գործը հասել է Վաշինգտոնի դաշնային դատարան:

Ամուսինները մեղադրվում են կրիպտոարժույթի Bitfinex բորսան հաքերային եղանակով կոտրելու արդյունքում գողացված 119 754 բիթքոինների լվացման մեջ։

bitcoin

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ հանցագործության պահին գողացված միջոցների արժեքը բիթքոիններով գնահատվել է 71 միլիոն դոլար, սակայն, հաշվի առնելով կրիպտոարժույթի արժեքի աճը, այժմ գողացված բիթքոինների ծավալը գնահատվում է. ավելի քան 4,5 միլիարդ դոլար:

Այս հանցագործության հետաքննության կարեւոր իրադարձությունը կարող էր դառնալ AlphaBay ընդհատակյա դարքնեթ-շուկայի կործանումը, որը դադարեց գոյություն ունենալ 2017թ. իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում։ Արդարադատության նախարարությունում տեղեկացրել են, որ հաքերների գողացած միջոցների մի մասը փոխանցվել է AlphaBay-ին։

Թվային արժույթի հսկմամբ զբաղվող Elliptic ընկերության տվյալներով՝ անլեգալ կայքի փակումը, հավանաբար, իշխանություններին թույլ է տվել հետեւել AlphaBay-ի ներքին տրանզակցիաներին եւ դրանք կապել Լիխտենշտեյնի կրիպտոարժութային հաշիվների հետ։

Bitfinex-ի հայտարարությունում ասվում է, որ բորսան աշխատում է արդարադատության նախարարության հետ, որպեսզի «մեր կանոնները հաստատի գողացված բիթքոինները վերադարձնելու համար»։

Լիխտենշտեյնը եւ նրա կինը փորձել են նաեւ փող լվանալ փոխանակման կետերի օգնությամբ եւ միջոցները փոխանցել են որպես սթարտապ-քարոզչության վճարներ Հիզեր Մորգանի անունով, տեղեկացրել են արդարադատության նախարարությունում։

Երեքշաբթի դատախազությունը հայտարարել է, որ անօրինական եկամուտները ծախսվել են տարբեր իրեր գնելու վրա՝ սկսած ոսկուց եւ NFC-թոքեններից, վերջացրած Walmart առեւտրային ցանցի «միանգամայն երկրային» նվեր-սերտիֆիկատներով։

Կիսվել