Նման դասախոսների գոյությունը ԵՊՀ-ում մեծագույն ամոթ է ու խայտառակություն
Նման դասախոսների գոյությունը ԵՊՀ-ում մեծագույն ամոթ է ու խայտառակություն
Hraparak.am-ը գրում է․ Երեկ Երեւանի պետական համալսարանում արցախցի ուսանողներն իրազեկման ակցիա էին իրականացնում` հանուն Արցախի անվտանգության: Մայր բուհի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին կոչ էին անում՝ միանալ իրենց: ԵՊՀ դասախոսների մի մասը վախենում է պայքարել իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության դեմ, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին հեռացնում են.
Գեւորգ Պետրոսյան, Դավիթ Սարգսյան, Նաիրի Հոխիկյան, Սերժ Սրապիոնյան եւ այլք։ Սակայն ԵՊՀ-ում կան նաեւ դասախոսներ, դեկաններ, որոնք օրնիբուն ուսանողներին սովորեցնում են անհաղորդ ու անտարբեր լինել, քաղաքական պրոցեսներին չխառնվել եւ այլն:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվի, երբ ապագա լրագրողին Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ասում են, թե ինքը չպետք է քաղաքական հայացքներ ունենա եւ այլն: Երեկ մի քանի նման դասախոսներ արցախցի ուսանողներին վիրավորում էին, դուրս հրավիրում լսարաններից: Մինչդեռ ուսանողությունն աշխարհում ամենաակտիվ քաղաքական խավերից է, եւ 1988-ի շարժումն ու 2018-ի հեղափոխությունն էլ հիմնականում նրանք են արել:
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասում է, որ խայտառակություն է մայր բուհում նման դասախոսների ներկայությունը, ինչպես նաեւ՝ մեծ հարվածկրթական համակարգին:
Նա իր ուսանողներին երբեք չի ուղղորդում որեւէ հարցում, չի ուղղորդել նաեւ 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ գրեթե բոլորը հեղափոխական թմբիրի մեջ էին: Ասում է, որ արեւելագիտականի ուսանողներն ունեն պետականության զգացում եւ կարեւորում են երկրի անվտանգությունը:
Իսկ իր ղեկավարած ֆակուլտետում որեւէ նման դեպք չի եղել, որ դասախոսն ուսանողի հետ վիճաբանության բռնվի Արցախի անվտանգության մասին մտածելու համար: Այս ամենը թուրքագետը համարում է տարակուսելի ու ամոթալի։
«Արեւելագիտության ֆակուլտետում ոչ մի նման դեպք չի եղել: Ամեն ուսանող ինքն է որոշում իր անելիքը, ես երբեք չեմ ուղղորդում նրանց: Այս օրհասական վիճակում ուսանողների պահանջը հուսահատության պահանջ է, հուսահատ պայքարի դրսեւորման մի ձեւ:
Այդ ուսանողների հասցեին միաբջիջ եւ տխմար մեղադրանքներ հղելն ուղղակի ողբերգություն է, անգամ ամոթալի չէ: Ես ամաչում եմ, որ ԵՊՀ-ում կան նման կերպարներ: Վստահ եմ, որ նրանք այդ միջադեպերից հետո շտապել են իրենց վերադասներին տեղեկացնել, թե ինչ «հերոսություններ» են արել՝ չհասկանալով, որ իրենց վարքագիծը պետության դեմ է, եւ նման քայլերով աջակցում են թշնամի պետության ագրեսիային:
Այս օրհասական վիճակում ի՞նչ է նշանակում ասելակցիա մի արեք, դասը մի խանգարեք: Իսկ ի՞նչ անեն: Միայն լրահոսին հետեւեն, եւ վե՞րջ: Այսինքն նման դասախոսները ո՛չ քաղաքական իրողություններից են բան հասկանում, ո՛չ էլ անգամ ունակ են ուսանողի հոգեբանական վիճակը հասկանալ: Այստեղից կարող ենք գալ այն եզրակացության, որ համալսարանում ամեն դաս տվող մտավորական չէ, եւ մենք այդ բառը շատ հաճախ սխալ մարդկանց պարագայում ենք կիրառում:
Նման դասախոսների գոյությունը ԵՊՀ-ում մեծագույն ամոթ է ու խայտառակություն, գիտակրթական համակարգին նմանները միայն վնասում են՝ անարգելով այն երախտավորներին, որոնք մեր մեջ կրթական սիստեմներ են ձեւավորել: Եթե դասախոսը չի հասկանում այս իրողությունները, ապա դա նշանակում է, որ սա ազգային ողբերգություն է»,- նշում է Մելքոնյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում