Նիք Վույչիչ, ով պայքարեց և հասավ արդյունքի, հետևում թողնելով մի մեծ պատմություն
Նիք Վույչիչ, ով պայքարեց և հասավ արդյունքի, հետևում թողնելով մի մեծ պատմություն:
Նիք Վույչիչի կյանքը սիրո մի ուղերձ է, որով նա կիսվում է հազարավոր մարդկանց հետ իր քարոզարշավների ժամանակ:
Նրա քարոզները ոգեշնչում են և պատասխաններ տալիս:
Նիք Վույչիչը ծնվել է առանց վերջույթների, սերբ գաղթականների ընտանիքում։ Տասը տարեկանում կատարել է ինքնասպանության առաջին փորձը։
Նրան կանգնեցրել է այն միտքը, թե որքան տառապանքներ նա կարող է պատճառել հարազատներին։
Նիք Վույչիչ հետագայում փորձում է հաշտվել իրավիճակի հետ և կյանքում կայանալու ուղիներ է փնտրում։
1999 թվականից Նիքը հիմնադրում է «Կյանք առանց վերջույթների» քրիստոնեական կազմակերպությունը։
«Երբ ես 24 տարեկան էի, մեկ անգամ Կալիֆորնիայում իմ ելույթի ժամանակ նկատեցի դիմացը կանգնած մի տղամարդու՝ մի փոքրիկ տղա ձեռքին:
Տղայի անունը Դանիել էր, նա 19 ամսական էր:
Ես նայեցի նրան և չէի կարողանում հավատալ աչքերիս. նա նույնպես չուներ ձեռքեր և ոտքեր, բայց ուներ ոտքի նմանվող մի բան, ինչպես և ես:
Ես նրա հորը բեմ հրավիրեցի, մենք տղայի հետ նայեցինք իրար: Ես չէի կարող սեղմել նրա ձեռքը, բայց իմ ոտքով դիպա նրա ոտքին և տեսա, թե ինչպես է նա ժպտում:
Դա հիասքանչ մի պահ էր, դահլիճում բոլորը լացում էին, որովհետև դա հրաշք էր: Մանկության տարիներին ես երազում էի հանդիպել իմ նման մեկին:
Ծնողներիս սերը փրկեց ինձ
Երբ տասը տարեկան էի, իմ համադասարանցիները այնքան էին ծաղրում ինձ, որ ապրել չէի ցանկանում:
Փորձում էի վերջ տալ կյանքիս՝ խեղդվելով լոգարանում: Երկու անգամ փորձեցի ինքս ինձ ջրի մեջ խեղդել, բայց հանկարծ հասկացա, որ իմ ծնողները սիրում են ինձ, և թե ինչ ցավ կլինի նրանց համար իմ ինքնասպանությունը:
Ես հասկանում էի, որ ամեն մեկին չէ վիճակվում նման ծնողներ ունենալ: Բայց միշտ հնարավոր է ընկերներ ձեռք բերել:
Այսօր, եթե ինձ թվում է, որ իմ աղոթքներն անպատասխան են, ես դիմում եմ մարդկանց:
Հիմա ես գիտեմ, որ իմ թաղմանը մարդիկ չեն խոսելու այն մասին, թե ինչպիսի մարդ էի ես կամ ինչի եմ հասել:
Նրանք հիշելու են, թե ինչպես եմ ես վերաբերվել մարդկանց, ինչպես եմ սիրել նրանց, ինչպես ոգեշնչել և աջակցել»:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը