Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրերին (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին անդրադարձավ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ կես միլիարդ դոլարի հափշտակությունը կազմակերպելու համար:
Փաշինյանն ասաց, որ կարող է ասել այն, ինչ հրապարակված է մամուլում:
Հիշեցնելով, որ մի ժամանակ Հայաստանում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր՝ Փաշինյանը նկատեց.
«Իմիջիայլոց, մենք նոր այս լուրը կարդալով պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել՝ համարելով, որ (նաեւ մամուլի արձագանքները հաշվի առնելով) դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչ մի բան չի տալիս:
Ահագին քննադատեցին մեզ դրա համար՝ ո՞նց, գյուղացիների շահերը հաշվի չե՞ք առնում: Հիմա ի՞նչ է պարզվում, համենայնդեպս էն հաղորդագրությունից, որ Հատուկ քննչական ծառայությունը տվել է:
Պարզվում է, որ էդ նավթամթերքի գնի սուբսիդավորման ծրագրով, որի գնի մի մասը պետությունն է տալիս (եթե ինչ-որ նյուանսներ սխալվում եմ` էդքան մանրամասն չեմ տիրապետում)…
Մրցույթ է հայտարարվում եւ մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին, եւ ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարում է, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որ էժան է առաջարկում, այլ էն ընկերությունից, որի անունը համոզված եմ ոչ մեկիդ ոչ մի բան չի ասի. այդ ընկերության անունն է «Ֆլեշ»»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ համոզված է՝ քննությունը կպարզի մանրամասները: