Մամուլ

Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը Լևոն Երանոսյանը նռնակն ամայի տարածքում է պայթեցրել

Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը Լևոն Երանոսյանը նռնակն ամայի տարածքում է պայթեցրել

Այսօր ավարտվում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործին ծանոթանալու համար տրամադրված ժամկետը։ 

Օրեր առաջ նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. պաշտպանական կողմին երկու շաբաթ ժամանակ էր տրամադրվել՝ դրանց ծանոթանալու համար:

Երանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: Մասնավորապես այդ օրը կիրառվել է «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ:

Պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին եւ պատրաստվում է միջնորդություններով հանդես գալ: Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, քանի՞ հատոր ենգործի նյութերը եւ նախաքննության արդյունքը դուք ինչպե՞ս եքգնահատում:

– 15 հատորից են բաղկացած քրեական գործի նյութերը: Նախաքննության արդյունքը բացասական ենք գնահատում, որովհետեւ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չենք եւ գտնում ենք, որ այն անհիմն է:

– Մինչ նախաքննության ավարտ հայտարարելը մեղադրանքում փոփոխություն եղե՞լ է:

– Խմբագրական բնույթի է եղել, ըստ էության նույն մեղադրանքն է, նույն հոդվածի նույն մասերը: Եթե հիշում եք՝ նախկինում մեղադրում էին նրանում, որ մենակ իմ պաշտպանյալն է կիրառել հատուկ միջոցներ եւ այդ օրվա ընթացքում բոլոր տուժածները վերագրվում էին Լեւոն Երանոսյանին: Հիմա տուժողների մասով տարանջատում է եղել:

– Քրեական գործով տուժողները քանի՞սն են:

– Քանակը չեմ կարող ասել:

– Ի Վերջո ի՞նչ ապացույցներ են դրված Լեւոն Երանոսյանի մեղադրանքի հիմքում, բացառապես ցուցմունքնե՞ր են:

 – Ոչ, տեսանյութեր էլ կան, որտեղ երեւում է Լեւոն երանոսյանի կողմից հատուկ միջոցների կիրառումը, այդ տեսանյութերի մի մասը Armtimes.com-ինն է՝ Youtube-ում տեղադրված:

– Պարոն Սաֆարյան, քանի որ նախաքննության ավարտ է հայտարարվել, կարո՞ղ եք ասել՝ ովքե՞ր են Լեւոն Երանոսյանի դեմ ցուցմունք տված անձինք:

– Մարդիկ կային, որոնք ասում էին, որ միայն Լեւոն Երանոսյանն է կիրառել հատուկ միջոց, բայց իրականությանը դա չէր համապատասխանում, տեսանյութերով մենք  կարողացանք դա հերքել: Ցուցմունք տվածների թվում ե՛ւ ցուցարարներ կան, ե՛ւ ոստիկանության զորքերի ծառայողներ:

– Քննությամբ պարզվե՞լ է, թե «Զարյա 2»-ը, լինելով անբեկոր, ինչպես է քաղաքացիներին բեկորային վնասվածքներ պատճառել:

– Քննության վարկածը հետեւյալն է, որ այդ սարքերը անբեկոր են, այն դեպքում, երբ որ պահպանվի անձանցից 2.5 մետր հեռավորություն: Բայց գործի նյութերով հակառակն ապացուցող բաներ կան, օրինակ կա, որ մարդկանց շատ մոտ է պայթել այդ նռնակը, բայց որեւէ ֆիզիկական վնաս չի պատճառել, բացի դրանից կա իրավիճակ, երբ 3 մետրից կիրառելու դեպքում մարդիկ վնասվածքներ են ստացել: Նախաքննական մարմինը գտնում է, որ Լեւոն Երանոսյանն ընդհանրապես հատուկ միջոց կիրառելու իրավասություն չի ունեցել, հետեւաբար նա չպետք է կիրառեր:

– Իսկ Լեւոն Երանոսյանն այդ մասով ի՞նչ դիրքորոշում է հայտնել, ինքը նման իրավասություն ունե՞ր կիրառելու, թե՝ ոչ:

– Լեւոն Երանոսյանը հայտնել է, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, հատուկ միջոցների կիրառման հիմքերն ու պայմանները առկա են եղել:

– Ի վերջո հստակեցվե՞ց՝ ձեր պաշտպանյալը ապրիլի 16-ին քանի լուսաձայնային նռնակ է կիրառել թե՛ Բաղրամյան պողոտայում եւ թե Արցախի պողոտայում:

– Ըստ մեղադրանքի՝ Բաղրամյանում, եթե չեմ սխալվում՝ 3, Արցախում՝ 4: Լեւոն Երանոսյանը, սակայն, նշում է, որ իր հիշելով՝ Բաղրամյանում մեկ կամ երկուսն է կիրառել, նույնը՝ Արցախում, բայց վստահ չէր: Արցախի պողոտայում, վերջում նռնակներից մեկի զապալը (պայթուցիչ) բացած վիճակում է եղել, դրա կիրառելու անհրաժեշտությունը չի եղել, դա ուղղակի պետք է պայթեցվեր, տարել, հեռու վայրում պայթեցրել է:

– Այսինքն՝ այլ վայրո՞ւմ է կիրառել:

– Նռնակը վերցրել է, բերել մարտական դիրքի, դրա կիրառման անհրաժեշտություն այլեւս չի եղել, ցուցարարները հետ են գնացել, Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օպերացիան հաջողվել է, հետեւաբար դրա կիրառման անհրաժեշտությունը չի եղել, ուստի այն տարել է մարդկանցից հեռու՝ ամայի տարածքում պայթեցրել է: Ականտես մարդիկ կան, որ դա հաստատում են:

– Ոստիկաննե՞րն են ականատեսները:

– Այո, ցուցարարներից էլ մարդիկ կան, որոնք ասում են, որ դրա ձայնը հեռվից է եկել:

– Այժմ միջնորդություններ ներկայացնելո՞ւ եք:

– Մինչեւ օրվա վերջ կներկայացնենք, բայց հիմա չեմ կարող ասել, թե միջնորդություններով ինչ պահանջներ ենք ներկայացնելու:

Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ Թավշյա հեղափոխության շրջանում, ապրիլի 16-ին եւ 22-ին կիրառված հատուկ միջոցի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ են հոսպիտալացվել: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետեւանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում եւ 6 ոստիկաններ: Արցախի պողոտայում կիրառված հատուկ միջոցի հետեւանքով եւս բազմաթիվ քաղաքացիներ են տուժել:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել