Նիկոլ Փաշինյանը քննարկել է Վանաձորի զարգացման ծրագիրը
Նիկոլ Փաշինյանը քննարկել է Վանաձորի զարգացման ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը:
Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսվում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր:
Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում:
Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում են նաև իրականացնել ճոպանուղու կառուցում, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում հիմնել հանգստի գոտի՝ հյուրանոցային և մարզական համալիրներով, ջրային ատրակցիոններով ու համերգասրահով:
Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ ենթակառուցվածքների բարելավման նախագծեր:
Վարչապետը կարևորել է վերը նշված փողոցների հիմնորորգման ծրագիրը և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել ներկայացնել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մյուս ծրագրերի իրականացման հնարավորությունները պետք է քննարկել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:
Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է այդ ուղղությամբ քննարկումներ սկսել պոտենցիալ գործընկերների հետ, մշակել բիզնես պլան և ըստ այդմ շարժվել առաջ: