Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել ՉԺՀ նախագահին և վարչապետին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել ՉԺՀ նախագահին և վարչապետին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ նախագահին ուղղված ցավակցական հեռագրում ասված է.
«Չինաստանի համար դժվարին այս պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից թույլ տվեք խորին ցավակցություն ու զորակցություն հայտնել Ձեզ և բարեկամ չին ժողովրդին կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, որն արդեն իսկ պատճառ է հանդիսացել հարյուրավոր մարդկային զոհերի:
Չինաստանն իր բազմադարյա պատմության ընթացքում դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների և միշտ պատվով հաղթահարել դրանք:
Վստահ ենք, որ այս անգամ նույնպես, Ձեր իմաստուն և հեռատես ղեկավարման ներքո, Չինաստանին կհաջողվի հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի խաղաղ ու ապահով մթնոլորտը:
Մաղթում եմ Ձեզ անսասան համբերություն և հաստատակամություն, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ ոգու արիություն»:
Չինաստանի վարչապետին ուղղված ցավակցական հեռագրում նշված է.
«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին կորոնավիրուսի տարածման հետևանքով մի քանի հարյուր մարդկանց մահվան կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի բնականոն ընթացքը:
Մաղթում եմ Ձեզ ուժ և վճռականություն, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ համբերություն ու ոգու տոկունություն»: