ՄամուլՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ գործընկերություն էր փնտրում ՀՅԴ-ի հետ․ Դաշնակցության հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ գործընկերություն էր փնտրում ՀՅԴ-ի հետ: Այս մասին Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել։

«Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երևույթները, խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով անցյալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին նսեմացնելուց:

Լավագույն ապագա կերտելու՝ հանրության երազանքը, հույսն ու քաղաքական երկխոսության պահանջները բախվում են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանության ագրեսիվ վարքագծին:

Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարություն ձևավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ և պատասխանատու պաշտոններ վստահում:

Ժողովրդին պառակտելու` Ն. Փաշինյանի՝ անվերապահորեն հաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է արվում տարածել Դաշնակցության վրա: Դաշնակցությունը մեկն է, և Դաշնակցությունը պաշտպանվելու կարիք չունի:

Դաշնակցությունն իր անցյալի, իր ժառանգության տերն է, իր բացթողումները խմբագրելու կամք և ունակություն ունի: Նաև հստակ է ՀՅԴ հանձնառությունը` ծառայել պետականությանը, բայց ոչ՝ օրվա իշխանություններին և քաղաքական կոնյունկտուրային:

Դաշնակցությունը շարունակելու է իր առաքելությունը` խորապես անհանգստացած Հայաստանի ներկայով, երկրում վարվող անհեռատես ու անհավասարակշիռ պոպուլիստական քաղաքականությամբ, ստի և կեղծիքի մոլեգնող իրողությամբ, երկրի ներքին և արտաքին ռիսկերը դիմագրավելուն անպատրաստ իշխող քաղաքական թիմի գործունեությամբ:

Կոչ ենք ուղղում Ն. Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրավերները:

Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»,-ասված է հայտարարությունում:

Կիսվել