Ազատ խոսք

Ներքաշելով մեր երեխաներին և ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաև ձեր երեխաներին և ծնողներին. Արա Վարդանյան

Ներքաշելով մեր երեխաներին և ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաև ձեր երեխաներին և ծնողներին։ Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելուն։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ ոք չէր ուզի լիներ:

Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթած խունվեյբիները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, նախագահ Քոչարյանին ամեն ձեւ վնասելու մոլուցքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա եզակի դեպք է եւ այլեւս չի կրկնվի:

Բայց դատելով նրանից, թե ինչ է կատարվում այս օրերին Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ, գալիս ես մեկ եզրահանգման` մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ եւ որեւէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը: Ո´չ, սա այլեւս մեկ անձ չէ, սա կաստա է, որում ընդգրկվելու համար պետք է տիրապետես ամենավատը լինելու նուրբ արվեստին: Ինչքա՜ն վատ, այդքան ավելի լավ:

Տո՛ այ խունվեյբիներ, դուք կին, երեխա, ծնող չունե՞ք:

Դուք հասկանում եք, որ ներքաշելով մեր երեխաներին եւ ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաեւ հենց ձեր երեխաներին եւ ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որեւէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին՝ Հայաստանը և Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք՝ չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու:

Ձեզ ջնջելու են Հայաստանի պատմության էջերից, քանզի դուք հայ կոչվելու իրավունք չունեք: Պատրաստվեք, շատ շուտով սկսելու եք բացատրություններ տալ արածների համար, բայց էլ լսող չի լինելու»:

Կիսվել