Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեւական դադարից հետո այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Սույն գործով մեղադրյալ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի մահից հետո նիստերը չէին կայանում: Նախորդ նիստին Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդել էր դատարան հրավիրել Խանդոյանի կնոջը՝ նրա դիրքորոշումը լսելու, գործի քննությունը նրա մասով շարունակելու վերաբերյալ, ինչպես նաեւ նա միջնորդել էր՝ եթե գործի քննությունը դատարանը շարունակի, ապա Խանդոյանի կինը պետք է ներգրավվի որպես նրա իրավահաջորդ:
Այսօր դատարան էր ներկայացել Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը: Նա ցանկություն հայտնեց մինչեւ գործի քննության ավարտը ներկա լինել բոլոր դատական նիստերին:«Խանդոյան Արայիկին բոլորդ էլ ճանաչում էիք: Նա ինձ համար որպես հերոս միշտ է եղել ու լինելու է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Խանդոյանը միշտ դրոշակը բարձր է պահել իր ձեռքում եւ ես ավելի ու ավելի եմ բարձրացնելու այդ դրոշակը մինչեւ դատական նիստի վերջը մինչեւ արդարացում: Այն փաստը, որ դուք Խանդոյան Արայիկին ներկայացրել եք որպես ամբաստանյալ, նա երեբեք ամբաստանյալ չի եղել: Խանդոյանն ու մյուս տղաները միշտ եղել են ազգի կողքին եւ մնալու են որպես ապստամբներ եւ հերոսներ ազգի կողքին»,- ասաց Խանդոյանի կինը, ինչից հետո դատական նիստերի դահլիճում գտնվողները սկսեցին ծափահարել նրան:
Անուշ Հայրապետյանին որպես իրավահաջորդ ներգրավվելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ նման կարգ սահմանում է տուժողների համար եւ այս փուլում անձը՝ տվյալ դեպքում Անուշ Հայրապետյանը, կարող է հանդես գալ որպես մահացածի ներկայացուցիչ, ոչ թե որպես իրավահաջորդ: Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց Խանդոյանի պաշտպանի միջնորդությունը բավարարել մասնակի՝ գործի քննությունը Արայիկ Խանդոյանի մասով շարունակել, իսկ իրավահաջորդ ճանաչելու մասով մերժել: Անուշ Հայրապետյանը հանդես կգա որպես Խանդոյանի ներկայացուցիչ:
Նիստի ընթացքում դատարանը բարձրաձայնեց նաեւ նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած համաներման մասին: Նշենք, որ համաներման տեքստում ծռերի մասով առանձին կետ կա, որտեղ մասնավորապես նշված է հետեւյալը. «Համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն նաեւ 2016 հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձինք, եթե դրա դեմ չեն առարկում, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները»:
Սա նշանակում է, որ եթե ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողները համաներման դեմ չառարկեն, ամբաստանյալների նկատմամբ, բացառությամբ սպանության հոդվածների, մյուս հոդվածներով համաներում կկիրառվի: Ուստի, այսօրվա դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց գործով տասը ամբաստանյալների դիրքորոշումներն այս առնչությամբ:
«Սասնա ծռեր» խմբի 9 անդամները դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին ի պատասխան ասացին, որ թեեւ ընդունում են համաներումը, բայց կարծում են, որ պետք է արդարացվեն, քանի որ իրենք ապստամբություն են արել: Մասնավորապես խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ թեեւ իրենք իրականացրել են ապստամբելու իրենց իրավունքը, ստեղված իրավիճակում չեն առարկում համաներման դեմ: Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, հայտնեց, որ դեռեւս հարց է, թե ով է կեղծ մեղադրանք «դրել իր վրա»: «Ես արել եմ իմ ժողովրդի կամքը, ապստամբել եմ, եւ էլի եմ ապստամբելու, եթե որեւէ մեկը կփորձի նեղացնել իմ ժողովրդին»,- հայտարարեց Արմեն Բիլյանը: Վերջինս նշեց, որ ինքը որեւէ բան չի արել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, բայց, այնուամենայիվ, դատավորի ճշտող հարցերին ի պատասխան ասաց, որ համաներման դեմ չի առարկում:
Պավել Մանուկյանն էլ նկատեց, որ մինչ այժմ չի բացահայտվել անձը, որը ՊՊԾ գնդում վիրավորում է հասցրել իրեն եւ մյուս անձանց: «Ես մնում եմ ապստամբ, բայց տվյալ պահին այլընտրանք չկա»,- հայտարարեց Պավել Մանուկյանը: Մխիթար Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը վստահ է՝ շուտով Սասնա ծռերն արդարացվելու են: Խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը նշեց, որ իրենց արդարացնել կամ մեղադրելու իրավունք ունի միայն հայ ժողովուրդը, իսկ ժողովուրդն իրենց արդեն իսկ արդարացրել է: Կյուրեղյանը նշեց, որ ինչպես մյուս տղաներն, այնպես էլ ինքը ձեւականությունը պահպանելու համար չի առարկում համաներման դեմ: Վերջերս մահացած Արայիկ խանդոյանի կինը դիրքորոշում հայտնեց, որ ծռերը ոչ թե պետք է համաներվեն, այլ արդարացվեն: «Ես հպարտորեն ասում են, որ Արայիկը, որպես մարդ տեսակ, արդարացվելու է: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ, որ Արայիկն ու մյուս տղաներն արդարացվեն: Երդվում եմ»,- ասաց Արայիկ Խանդոյանի կինը:
Երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը սխալ բան չի արել, որ որեւէ մեկն իրեն ների: «Կամ ներողն ո՞վ է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը»,- հարց բարձրացրեց Բարսեղյանն, ապա շարունակելով՝ նշեց, որ Փաշինյանը պաշտոնների է նշանակում ոչ մաքուր անցյալ ունեցող անձանց: Դատավորի հարցին՝ ի վերջո Բարսեղյանը կո՞ղմ է համաներմանը, թե՞ դեմ, վերջինս կտրուկ պատասխանեց. «Թքած ունեմ: տեւական դադարից հետո Բարսեղյանը չառարկեց համաներման դեմ: Համաներման դեմ չառարկեցին նաեւ Սեդրակ Նազարյանն ու Էդվարդ Գրիգորյանը:
Առավել մանրամասը՝ Armtimes.com