Մամուլ

«Նա ի՞նչ մայր է, ինչպե՞ս կարելի էր թողնել նման լուսավոր երեխաներին»․ շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

«Նա ի՞նչ մայր է, ինչպե՞ս կարելի էր թողնել նման լուսավոր երեխաներին»․ շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին։

Sputnik Արմենիան գրում է․ Շաբաթ օրը Կոտայքի մարզի Նոր Հաճնում տեղի ունեցած սարսափելի ողբերգության հետևանքով տատը և նրա չորս անչափահաս թոռները շմոլ գազից թունավորվեցին և մահացան։ Վշտահար հարևանները պատմում են մահացած երեխաների, նրանց ծնողների և սոցիալական վիճակի մասին։

Դրսում կեսօր է, բայց Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի եռահարկ շենքերից մեկի շքամուտքում լամպ է վառվում։ Լամպը տարածքը լուսավորելու համար չի վառվում, այն միակ նշանն է, որ գուժում է`  շենքում մարդ է մահացել։

Հին հայկական սովորույթ է` եթե կյանք է «մարել», պետք է լամպ վառել։ Կարևոր չեն մահվան հանգամանքները, մահացածների սեռն ու տարիքը։

շմոլ գազ

Հետո մահացածների բնակարան տանող մուտքն է` սովորական սանդուղքներով։ Շենքի պատերն այնքան բարակ են, որ բնակարաններում լսվում է, երբ ինչ–որ մեկը շքամուտքում աղմկում է։

«Չէր կարող այնպես լինել, որ բոլոր երեխաներն էլ տանը լինեին, և շենքում այդ մասին չիմանային։ Երեխաները մե՛կ արագ բարձրանում էին, մե՛կ իջնում, աղմկում և խաղում միմյանց հետ։ Արդեն երկու օր է` մեզ մոտ անտանելի լուռ է… Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչպիսի մեռյալ լռության մեջ կանցնի Նոր տարին», – աչքերը առաստաղին հառելով և արցունքները զսպելով` պատմում է սարսափելի հանգամանքներում մահացած ընտանիքի հարևանուհին։

77–ամյա տատիկը` Ժաննա Սիմոնյանը, և նրա չորս անչափահաս թոռները` 16–ամյա Էդուարդը, 15–ամյա Տիգրանը, 14–ամյա Ժաննան և 12–ամյա Սերինեն, շաբաթ օրը խեղդվել են շմոլ գազից և մահացել։ Երեխաները մեծացել են առանց ծնողների. հայրը` Արման Մարգարյանը, երկար ժամանակ ապրում և աշխատում է Ռուսաստանում, իսկ մոր` ազգությամբ ուկրաինուհի Օլգա Միրոնյուկի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։ Չորս երեխաներն էլ ծնվել են Ռուսաստանում` Մարգարյանի և Միրոնյուկի քաղաքացիական ամուսնության ընթացքում։

շմոլ գազ

Մարգարյանը պաշտոնապես այդպես էլ չի ճանաչել երեխաների հայրությունը, և նրանք ստացել են մոր ազգանունը։ 2008թ–ին ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան` Մարգարյանի ծնողների տուն։ Միրոնյուկն ընդամենը մեկ տարի է ապրել ընտանիքի հետ, իսկ հետո անհետացել է. հնարավոր է` վերադարձել է Ռուսաստան։ Նա երեխաների հետ կապը չի պահպանել։

«Նման խոսակցության ժամանակը չէ, բայց նա ի՞նչ մայր է։ Ինչպե՞ս կարելի էր թողնել նման լուսավոր երեխաներին, թքել նրանց վրա և բոլորովին չհետաքրքրվել, թե ինչպես և ինչով են ապրում»,- բարկացած ասում է հարևաններից մեկը։

Ընտանիքն ապրել է տատիկի թոշակով, որը Նոր Հաճնի մանկապարտեզի նախկին վարիչն էր, «Փարոս» աղքատության նպաստով, հոր`Ռուսաստանից հազվադեպ ուղարկած փողերով և հոր ավագ եղբոր` Աշոտ Մարգարյանի ֆինանսական աջակցությամբ։ Երեխաների հորեղբայրը ընտանիքի հետ մի քանի շենք այն կողմ է ապրում։

շմոլ գազ

Նա ավագ եղբորորդուն` 16–ամյա Էդուարդին, հետը աշխատանքի է տարել, որտեղ նրան սովորեցրել է համակարգչով աշխատել և պայմանական աշխատավարձ վաստակել։ Հենց հորեղբայրն է վատ կանխազգացում ունեցել, երբ ընտանիքը զանգերին չի պատասխանել։ Նա որոշել է պարզել, թե ինչ է պատահել.  եկել է, փակ դուռը կոտրել և մորն ու եղբոր զավակներին մահացած գտել։ Հորեղբոր արձակած ճիչերից և աղաղակից հարևանները դուրս են նետվել բնակարաններից։

«Ես տուն մտա և անմիջապես գնացի հյուրասենյակ։ Տիկին Ժաննան` փոքրիկին` Սերինեին գրկած, պառկած էր թախտին։ Նրա աչքերը բաց էին… Կողքին պառկած էր Ժաննան։ Ես միայն կպա երեխաներին, զգացի նրանց մարմինների սառնությունը և դուրս փախա բնակարանից», – արցունքները խեղդելով` պատմում է հարևանուհի Քնար Սարոյանը։ Տղաների մարմինները գտել են լոգասենյակում. հարևանները ենթադրում են, որ նրանք զգացել են գազի արտահոսքը և փորձել են ինչ–որ բան անել։

մանրամասներ են պատմում

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել