ԱշխարհՄամուլ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Փաշինյանի հզոր ելույթը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով։ Վարչապետն իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն հայտնեց վարչապետ Միշելին, նախագահ Գանիին, գլխավոր քարտուղարին՝ ջերմ հյուրընկալության համար։

Այուհետև անդրադառալով Թավշյա հեղափոխությանը և շատ այլ հարցերին, վարչապետն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին․

«․․․Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաև այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձևաչափի հետ, քանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում:

ՆԱՏՕ-ն մշտապես և հետևողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որևէ դերակատարություն չունի: Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել և շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում:

Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ:

Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:

Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»:

Կիսվել