Նախկին տարաձայնությունները պարզաբանելու համար Փարաքարում գործող բենզալցակայաններից մեկում մի խումբ քաղաքացիների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի
Shamshyan.com-ը գրում է․ «Մարտի 7-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար համայնքի Թումանյան 1 հասցեում գտնվող «Լիանա Գարդեն Հոլի» դիմացի բենզալցակայանի վրա հարձակվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ժամը 19։00-ի սահմաններում նախկին տարաձայնությունները պարզաբանելու համար վերը նշված հասցեի բենզալցակայան են եկել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հրաչիկ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 48-ամյա Նվեր Ա․-ն, 22-ամյա Կարեն Գ․-ն և դեպքի մյուս մասնակից, Երևանի բնակիչ 35-ամյա Մխիթար Դ․-ն, ովքեր ցուցաբերել են ագրեսիվ վարքագիծ, քաշքշել են և հնչեցրել են հայհոյանքներ, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 60-ամյա Սարգիս Տ․-ն հրելով դուրս է հանել տարածքից Հրաչիկ Հ․-ին, Նվեր Ա․-ին, Կարեն Գ․-ին և Մխիթար Դ․-ին, որի ժամանակ ստացել է ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։


