Մամուլ

Նախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում

2018 թվականի հունիսին աշխատանքից ազատված դատախազ Ավետիս Ափիյանը դիմել է դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքում։

Նա աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի 22.06.2018 թվականի թիվ 124-Ա հրամանով, որի համար հիմք էր հանդիսացել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 06.06.2018 թվականի թիվ 2 որոշումը։

Նախկին դատախազը կարծում է, որ որոշումն անհիմն է և դիմել է վարչական դատարան՝ նշված որոշումներն անվավեր ճանաչելու, իրեն  նախկին աշխատանքում վերականգնելու, ՀՀ գլխավոր դատախազությունից հօգուտ իրեն  հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին:

«Փաստինֆո»-ն դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հայցադիմումը մակագրվել դատավոր Հրաչ Այվազյանին, ով որոշում է կայացրել այն վարույթ ընդունելու մասին։

Սույն գործով նախնական դատական նիստը նշանակել է 20.11.2018 թվականին։

Կիսվել