Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Լոռի է գնացել (Լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է։
Նրա առաջին կանգառը եղել է բազմաճյուղ տնտեսություն վարող Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում։
Դեռևս սեպտեմբերին Երևանում անցկացված «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր«Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։
«Ագրոհոլդինգ Արմենիա»-ն զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ «Ագրոհոլդինգ Արմենիա» -ի ղեկավարները նշել են, որ տնտեսությունում բուծում են միայն կենդանիների մաքրացեղ տեսակներ։
Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, համտեսել արտադրանքը, զրուցել աշխատակիցների հետ։
Ներկայումս «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է հիմնականում Հայաստանում. աշխատանքներ են տարվում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, կօգնի անասնաբուծության և գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր ստանդարտներ, ինչը խթան կլինի նաև արտադրության ընդլայնման համար։
Լիանա Մարտիրոսյան