Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք սկսած 2025 թվականից կապահովվի առանձին բնակարանով
Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք սկսած 2025 թվականից կապահովվի առանձին բնակարանով
Բնակարանաշինության ներկա տեմպերը հնարավորություն են տալու 2025 թվականի հունվարի 1-ից Արցախում առանձին բնակարաններով ապահովել բոլոր նորաստեղծ ընտանիքներին, Ազգային ժողովի նիստում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, – գրում է Հրապարակը։
Միջնաժամկետ ծախսային ծրագրով, որի հիմքը դրվել է 2022 թվականի պետբյուջեով, 2025 թվականի հունվարից Արցախում նոր ամուսնացող զույգերն ապահովվելու են առանձին բնակարաններով։ Առաջին փուլում նորաստեղծ ընտանիքներին կտրամադրվեն՝ մեկ ու կես կամ երկու սենյականոց, այնուհետև 3 երեխա ունենալու դեպքում՝ 3 սենյականոց բնակարաններ։
Կարևորելով ժողովրդագրության բարելավումը, նախագահ Արայիկ Հարությունյանը հավելել է, որ բացի բնական աճի ապահովմանը միտված ծրագրերից, բնակչության թվի ավելացումը նախատեսվում է նաև վերաբնակեցման, հայրենադարձության միջոցով։ Այդ նպատակով ներկայիս պետական բյուջեի միջոցները թույլ են տալիս կառուցել լրացուցիչ առնվազն 500 բնակարան։
Երկրի ղեկավարն այդ առումով թիրախային ցուցանիշ է համարել տարեկան 1000 բնակարանի կառուցումը։
Արցախում արդեն իսկ սկսված են մոտ 3000 բնակարանների կառուցման աշխատանքները։ Առաջիկայում կմեկնարկի ևս 1500-2000 բնակարանների կառուցումը, ինչը, երկրի ղեկավարի գնահատմամբ, թույլ է տալու լուծել բնակապահովման խնդիրը։
Այս փուլում բնակարանները տրամադրում են առաջին հերթին զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին։ Առավելագույնը մեկ ու կես տարում ավարտին կհասցվի զինվորականների, սպայական անձնակազմի բնակարանային ապահովումը:
Նախագահը շեշտել է, որ Արցախում ձևավորվող յուրաքանչյուր ընտանիք պիտի ունենա առանձին բնակարան, իսկ ծնվող ամեն մի երեխայի համար պիտի լինի պետական աջակցություն։
– Սա մեր սոցիալական քաղաքականության հիմքն է, որն ապահովելու է ժողովրդագրական աճ,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, Արցախը 2022 թվականի նախաշեմին արդեն 19 հազար 500 աշակերտ ունի, ինչը վկայում է ավելի քան 115 հազար բնակչության և ընդամենը մոտ 33 հազարի բացակայության մասին, այն պարագայում, երբ տեղահանվածների թիվը հասնում էր 40 հազարի։
Հանրապետության նախագահը նշել է, որ պետբյուջեով, Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությամբ, ինչպես նաև բարեգործական ներդրումներով իրականացվող և նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերը միտված են Արցախում բնակվելու համար գրավիչ պայմանների ստեղծմանը։