Յոդի պակասի հետևանքները վտանգավոր կարող են լինել մարդու առողջության համար
Յոդի պակասի հետևանքները վտանգավոր կարող են լինել մարդու առողջության համար
Հայաստանի բնակիչները ստանում են յոդի խիստ անբավարար քանակ, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում խպիպի առաջացման համար: Այս մասին նշում է Երևանի գլխավոր էնդոկրինոլոգ «Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի» նախագահ Էլզա Հայրապետյանը:
«Հայաստանը լեռնային երկիր է, բոլորս էլ գիտենք: Դա նշանակում է, որ յոդը պակաս է մեր ջրերում: Եվ եթե յոդը պակաս է ջրերում, պակաս է նաև հողում, այսինքն` մենք բոլորս ստանում ենք յոդի խիստ անբավարար քանակներ: Եվ, ցավոք սրտի, Հայաստանը յոդի ապահովվածության մակարդակով գտնվում է դիֆիցիտային երկրների շարքում:
Այն իր լուրջ կնիքն է դնում` սկսած ներարգանդային կյանքից պտղի զարգացման, իսկ հետո, մանկական հասակում, նորածնի, պատանիների կյանքում նրանց ֆիզիկական և սեռական զարգացման վրա:
Հետո արդեն, ավելի հասուն տարիքում, երբ աղջիկն ամուսնանում, կին է դառնում, և նա պետք է երեխա ունենա, յոդի պակասը նրա վրա իր խիստ կնիքն է դնում: Այն առաջ է բերում ձվարանների ֆունկցիայի խանգարում, և այդպիսի կանայք երկար բուժվում են գինեկոլոգներ մոտ` երկար չիմանալով, որ դա ընդամենը յոդի պակասի հետևանքով է»,- նշեց էնդոկրինոլոգը:
Նրա հաղորդմամբ, խպիպի դեպքում վահանաձև գեղձը մեծանում է կոմպենսատոր ձևով՝ օգնելու օրգանիզմին յոդի պակասի դեպքում. «Ցավոք սրտի, դրանք երբեմն սխալ ձևով վիրահատվում են, որովհետև կոմպենսատոր մեծացած գեղձը մեծացել էր, որպեսզի ապահովեր իր օրգանիզմին հորմոնով, որի կարևոր բաղադրիչ մասն էր կազմում յոդը:
Տեսնելով այդ մեծ խպիպը, մարդիկ գնում են այն հեռացնելու, այսինքն` ի՞նչ է ստացվում, օգնելու փոխարեն՝ մենք հեռացնում ենք այն`օրգանիզմը դնելով շատ ավելի ծանր վիճակում»:
Ըստ Էլզա Հայրապետյանի` դրա կանխարգելման համար անհրաժեշտ է յոդ շատ օգտագործել: Դա պետք է սկսվի մանկական հասակից և շարունակվի ամբողջ կյանքում:
«Գիտենք, որ այսօր Հայաստանում աղը յոդացվում է, սակայն, ցավոք սրտի, դա բավարար չէ, որպեսզի օրգանիզմի պահանջը բավարարի, որովհետև նախևառաջ՝ ամեն մարդ չի, որ օգտագործում է այն քանակով, որ պետք է մեր օրգանիզմին:
Շատերը կան, որ ընդհանրապես առանց աղի են ուտում, շատերը կան, որ քիչ են ուտում: Զարգացած երկրներում յոդացվում են տարբեր սննդամթերքներ` հացը, ձեթը, ձուն, կաթնամթերքները, և այլն: Ցավոք սրտի, Հայաստանում կար ժամանակ, որ փորձեցին կաթնամթերքները յոդացնել, այն չգնվեց:
Ես կարծում եմ` սրա պատճառը վատ տեղեկացվածությունն էր, այսինքն՝ բնակչությանը չկարողացանք հասցնել նրան, որ նա այդ կաթնամթերքն օգտագործի: Տեսնում էին՝ ավելի դեղնավուն գույնով է, իրազեկված չէին, և չէին գնում:
Պարզ է`յուրաքանչյուր արտադրող, մասնավոր սեփականատեր քանի՞ անգամ կարող է թափել իր արտադրանքը: Ի վերջո, դադարեցվեց դրանց արտադրությունը»,- նշեց Էլզա Հայրապետյանը: