Մամուլ

Մրգաշատ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Shamshyan.com-ը հայտնել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության նորանշանակ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արթուր Բարսեղյանին ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելիս նրանց առջև խիստ պահանջ էր դրել, որ քրեական ոստիկանները պետք է ոչ միայն կանխեն ու նախականխեն հանցագործությունները, այլ նաև բացահայտեն նախկինում կատարված հանցագործությունները։ Եվ այդ ամենի հսկողությունը նախարարի հանձնարարականով դրվել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի վրա։

Դեռ սովետական տարիներից, երբ Հայաստանում գործում էր ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ոսկե օրենք էր քրեական հետախույզների համար, այն է՝ «չբացվող հանցագործություններ չկան, կան լավ բացահայտողներ»։ Սակայն վերջին տարիներին այդ ոսկե կանոնը երբեմն կաղում է ու բազմաթիվ հանցագործություններ մնում են չբացված։

Մեծ թիվ են կազմում անձնական ունեցվածքի, այդ թվում բնակարանային գողության դեպքերը։

Շատ դեպքերում էլ քաղաքացիները հրաժարվում են իրավապահներին դիմել՝ պատճառաբանելով, որ միևնույն է հանցագործությունը չի բացահայտվի, գողը կամ գողերը չեն բռնվի, և իզուր իրենց օրերով, շաբաթներով, ամիսներով, անգամ տարիներով էնքան կտանեն-բերեն, որ ավելի լավ է հաշտվեն այն մտքի հետ, որ դեպք է, եղել է։

Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ բնակարանային գողության դեպք տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 15-ին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները այդ օրը հարսանեկան արարողության մասնակցելիս են եղել ու կեսգիշերից անց վերադառնալով տուն այն հայտնաբերել են թալանված։

Տեղում պարզվում է, որ ոչ միայն այդ մի տունն են թալանել ստահակը կամ ստահակները, այլ ևս մեկ տուն այդ ընտանիքի անդամների, ու այդ ընտանիքը նույնպես մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը։ 

Տուժածներն անմիջապես ահազանգում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին, որտեղից գյուղ են ժամանում համայնքային ոստիկանները, իսկ հետո նրանց են միանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները։

Արդեն դեպքի վայր են հրավիրվում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Տեղում քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ։

Պարզվում է, որ տականքը կամ տականքները տուն են մտել եվրոպատուհանը բացելու միջոցով և այնտեղից հափշտակել են ոսկյա զարդեր, գումար՝ տուժողին պատճառելով մոտ 35 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ 

Հանցագործը կամ հանցագործները նույն գյուղում նույն օրը թալանել են նաև տուժած ընտանիքի պապիկի տունը, այնտեղից նույնպես տարել են խոշոր չափի գումար։

Այդ տանը նույնպես քննչական գործողություններ են կատարվել և նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երեկ՝ մարտի 8-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում ընտանիքի անդամները իրենց զայրույթն էին ուղղում ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի քրեական ոստիկանների և քննիչների հասցեին՝ ասելով.

«Ինչպե՞ս կարելի է 5 ամիս շարունակ չբացահայտել գողության դեպքը, մինչդեռ ամբողջ Հայաստանը գիտի, որ ամեն մետրի վրա տեսախցիկներ կան։ Իսկ ինչ են անում քրեական հետախույզները, մի՞թե այդքան թուլացել են, որ նույնիսկ օպերատիվ ճանապարհներով չեն կարողանում գտնել տականքներին։ Բայց ոչ, վստահ ենք, որ տներ մտնողները լավ իմացել են, որ այդ օրը մենք մասնակցում ենք մեր հարազատի հարսանեկան արարողությանը և տանը մարդ չկա։

Վերջերս Լոռու քրեական ոստիկանները մի ամբողջ բանդա բռնեցին, հիմա մի քիչ մեջներս հույս է արթնացել ու ուզում ենք հավատալ, որ գոնե մեր դեպքում էլ տեղի քրեական ու համայնքային ոստիկանները իրոք կաշխատեն, թե չէ տպավորություն է, որ երբ հանցագործություն է լինում, գալիս են մի 2-3 ժամ դեպքի վայրը զննում են ու այդքանով իրենց գործը համարում ավարտված։ Մենք գիտենք, եթե Արմավիրի ոստիկանները սրտացավ մոտեցում ցուցաբերեն, այս դեպքն էլ կբացահայտեն ու բնակչության շրջանում վստահությունը կվերականգնվի։ Մինչդեռ նման դեպքերի չբացահայտման պատճառով ինչքան էլ ոստիկանությունն ասի՝ մենք տիրապետում ենք օպերատիվ իրավիճակին, մեզ մոտ հավատը կոտրված է»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում