Մամուլ

Մուրացան հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացավ. ինչ է կատարվել

Armlur.am-ի տեղեկություններով՝ Մուրացան հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է։

Armlur.am-ը գրել էր, որ անչափահասների շրջանում մտահոգիչ իրավիճակ է: 2 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն է գրանցվում, որ անչափահասները խմում են մեծ քանակի կոլխիցին տեսակի դեղահաբ ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում հիվանդանոց:

Արդեն երկու անչափահաս է մահացել ազատ վաճառքում գտնվող այս դեղահաբը մեծ քանակությամբ օգտագործելու արդյունքում, ինչը խիստ մտահոգություների տեղիք է տալիս: Իսկ իրավապահները այս դեպքերով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ են նախաձեռնել ու քննություն են իրականացնում:

Խոսենք փաստերով

Դեկտեմբերի 9-ին «Արաբկիր» ԲԿ-ում 14-ամյա երեխա էր մահացել։

«Տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր էր ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,-նշված էր հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 19-ին Armlur.am-ին հայտնի դարձավ, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ երեխա է մահացել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական վարկածի՝ նա մեծ քանակի կոլխիցին տեսակի դեղահաբ էր ընդունել։
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքով քննություն են սկսել:

Դեկտեմբերի 21-ին Armlur.am-ի տեղեկություններով՝ 16-ամյա աղջկա ինքնազգացողությունը վատացել էր Կենտրոնի քննչական բաժնում, երբ քննիչները նրա նկատմամբ բռնություն կիրառած կասկածյալի հետ առերեսում են իրականացրել։

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ աղջիկը, ըստ նախնական տեղեկությունների, մոտ 60 հատ դեղահաբ է խմել։

Ավելի վաղ գրել էինք՝ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց էր տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ: Տեղափոխված աղջիկը Երևանի բնակիչ է, ով մեծ քանակությամբ դեղորայք է խմել, ու ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների՝ նրա նկատմամբ բռնություն է իրականացվել, ինչից հետո նա դիմել է այդ ծայրահեղ քայլին:

Կիսվեք էջում