«Մոր համար պատիվ է երեխայի 70-ամյակին կենաց խմելը». Բուքինգհեմյան պալատում նշել են արքայազն Չարլզի 70-ամյակը (լուսանկարներ)
«Մոր համար պատիվ է երեխայի 70-ամյակին կենաց խմելը». Բուքինգհեմյան պալատում նշել են արքայազն Չարլզի 70-ամյակը (լուսանկարներ)
Նոյեմբերի 14-ին բրիտանական գահի ժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը նշել է ծննդյան 70-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ թագուհու պաշտոնական կեցավայր Բուքինգհեմյան պալատում ճոխ ընդունելություն է կազմակերպվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երեկոյին ներկա են եղել ոչ միայն հոբելյարի ընտանիքի անդամներն ու մտերիմները, այլև համաշխարհային արիստոկրատիայի ներկայացուցիչներ, աշխարհի տարբեր թագավորական տների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հատկանշական է, որ արքայազնի մայրը՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդը, հոբելյարի կենացը խմելիս նկատել է, որ «մոր համար մեծ պատիվ է շնորհավորել որդու 70-ամյակը»:
«Ցանկացած մոր համար պատիվ է ի վիճակի լինել կենաց ասել որդու 70-ամյակին: Դա նշանակում է, որ դու բավականաչափ երկար ես ապրել՝ տեսնելով՝ ինչպես է երեխադ մեծանում: Դա նման է ծառ տնկելուն ու դրա աճին հետևելուն: Երբ 70 տարեկան դարձա, իմ մայրն էլ էր կողքիս»,-ասել է 92-ամյա թագուհին:
Նա Չարլզին բնութագրել է «նվիրված ու հարգված թագաժառանգ, ինչպես նաև հրաշալի հայր, որը կարող է պատմության մեջ այլ թագաժառանգների կողքին կանգնել»:
Նշվում է, որ արքայազնին խորապես հուզել են մոր խոսքերը, քանի որ թագուհին երբևէ հրապարակայնորեն սիրո դրսևորումներ թույլ չի տալիս, ուստի՝ այդ դեպքը հավանաբար աննախադեպ է եղել: