Մամուլ

Մորս հետ պայման եմ կապել. Դավիթ Անանյան

Մորս հետ պայման եմ կապել. Դավիթ Անանյան

Մայրս արցախցի է։ Մեր գյուղը Արցախի Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղն է, որի հնագույն պատմության սկիզբը վերագրվում է հեռավոր 7-րդ դարին։ Այն հնագույն ժամանակներում կոչվել է Բերդակուռ և եղել է Մելիք Ադամի նստավայրը։ 12-13-րդ դարերում գյուղն ունեցել է մի քանի հազար ծուխ, որի պատճառով էլ արդյունքում ստացել է Մեծշեն անունը։ Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մանկուց ինձ բախտ է վիճակվել զգալ այս վայրերի կախարդանքը՝ պատմության վկայությունը հաստատող հինավուրց շինությունների մասունքներին ականատես լինելով։ Իսկ անցյալի շունչը, կարծես, ապրում է ամեն մի քարի, կածանի ու տեղանքի մեջ: Այդ զգացողությունը նման է հավերժության հպմանը, երբ փոշոտ արահետներներով քայլելիս լսում ես քո նախնիների ձայնը, որոնք կարծես շշնջում են ականջիդ՝ փառավոր, բայցևայնպես դժվարին ժամանակների մասին։

Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն։ «Երբ»-ի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մխիթարանքս այն է, որ նա ընդամենը 78 տարեկան է՝ արցախյան չափանիշներով չափազանց երիտասարդ։ Նրա վճռականությունն ու խոսքերը միշտ լի են ուժով ու իմաստությամբ, և ես մեծ հավատ ու վստահություն ունեմ, որ մորս պատգամը անպայման իրականացնելու եմ։

Այլընտրանք պարզապես գոյություն չունի․ մենք վերադառնալու ենք մեր երկիր, մեր Արցախ, տեսնելու ենք Հըրթըպտոկը, Տնջրենի, Պըլպըլանի ու Նվավորի բյուրեղյա մաքուր ջուրը խմելու ենք և, անպայման, այցելելու ենք պապիս ու չորս քեռիներիս գերեզմաններին։

Հայու հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը։ Պատերազմներով ու խաղաղ օրերով, ուրախության ու արցունքների միջով Արցախը մնում է մեր տունը։

Սրտի այս կանչը չի կարելի անտեսել, դա մեր ճակատագիրն է՝ մեր պարտքը։ Հայրենիք վերադառնալն առաջին հերթին դեպի քեզ վերադարձ է։ Ես ուխտ եմ տվել մորս և նրա կանչով ու անպայման նրա հետ միասին քայլելու եմ դեպի այս ապագան՝ լցված հիշողությամբ ու հույսով»։

Կիսվել