Մոտ 2 ամիս որպես անհայտ որոնվող 29-ամյա տղամարդու քայքայված դին հայտնաբերվել է «Հաղթանակ» զբոսայգու տարածքում
Մոտ 2 ամիս որպես անհայտ որոնվող 29-ամյա տղամարդու քայքայված դին հայտնաբերվել է «Հաղթանակ» զբոսայգու տարածքում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Արամյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոսստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։