Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել. ինչ իրավիճակ է Զվարթնոց օդանավակայանում
Մարտի 17-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, որոնց հետ են նաև ժողովրդին հայտնի կարմիր բերետները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում առկա ականի մասին: