Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը․ Դուգինի խոստովանությունը
Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը․ Դուգինի խոստովանությունը
Ռուս հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը «Մոսկվա-Բաքու» լրատվամիջոցին բավական ուշագրավ հարցազրույց է տվել՝ նշելով, որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, – գրում է Factor.am-ը։
Դուգինը, որը Ռուսաստանում թուրք-ադրբեջանական լոբբինգի հիմնական դեմքերից է և աչքի է ընկնում իր հակահայկական կեցվածքով ու դիրքորոշումներով, մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել։ Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Դուգինը, 2016թ-ի Ապրիլյան պատերազմից հետո, ՌԴ Դումայի մի շարք պատգամավորների, քաղաքագետների հետ մասնակցում էր Ջոջուք Մարջալի բնակավայրում անցկացված ՝ «Մոսկվա -Բաքու՝ աշխարհաքաղաքական առանցք։
Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» վերտառությամբ կոնֆերանսին։ Նա Մոսկվա-Բաքու ռազմավարական առանցքի հիմնական ջատագովներից է։ Ինչևէ, այս հարցազրույցում Դուգինը խոսում է այն մասին, ստեղծված իրավիճակում Բաքվի պահվածքից շատ բան է կախված։
«Շատ կարևոր է, թե ինչպես է նոր պայմաններում Ալիևը կառուցելու հարաբերությունները Մոսկվայի ու Անկարայի հետ։ Չեմ կարծում, որ Ալիևի շահերից է բխում շրջվել Թուրքիայի ուղղությամբ։
Նա հասկանում է, որ դա ադրբեջանական շահերից չի բխում։ Համոզված եմ, որ նա կփորձի պահպանել չեզոքությունը, Մոսկվայի ու Անկարայի հետ հարաբերություններում հավասարակշռությունը։ Հիմա նրան պետք է շարունակել վերականգնել Ղարաբաղը՝ աշխատելով թույլ չտալ ավելորդություններ։ Վերականգնման գործընթացը պիտի շատ նուրբ լինի։
Դա չափազանց կարևոր է և դրանից շատ բան է կախված»,- ասել է Դուգինը։ Նրա խոսքով՝ հիմա շատ բան կախված է Բաքվից նաև այն, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության հարցը։
«Եթե հարցը լուծվի ներդաշնակ կերպով, դա մեծ ձեռքբերում կլինի։ Ամեն ինչ հիմա այնքան էլ վատ չի ընթանում։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա ռուս-ադրբեջանական հարաբերությունների այդ գործոնը կվերածվի նոր որակի»,- ասել է ռուս քաղաքագետը։ Բացի այդ, նրա կարծիքով՝ «ժամանակն է, որ Բաքուն միանա ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին», քանի որ Ղարաբաղի հարցն էլ, իբր, լուծված է։
«Ամեն ինչ, քիչ թե շատ, կարգավորված է։ Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու դանդաղեցումը, այդ ուղղությամբ քայլերի բացակայությունը, իմ կարծիքով, Մոսկվայի մոտ թյուրըմբռնում կստեղծի։ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿի-ի հետ մերձեցումը այն շրջանում էր, երբ խոսքը գնում էր Ղարաբաղի ու նրա 5 շրջանների մասին։ Պուտինն ու Ալիևը մեծ դժվարությամբ ստեղծեցին մոդելը, որը բերեց Ղարաբաղում Բաքվի համար նման դրական արդյունքի։
Ջանքերը տիտանական էին»,- նշել է Դուգինը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել իր ընկերներին, և որ Պուտինը ընկալում է Ալիևին, որպես իր ռազմավարական գործընկերոջ։ Ռուս քաղաքագետն այն կարծիքին է, որ հիմա պիտի նայել, թե ինչ աստիճանով է Ադրբեջանը պատրաստ ինտեգրվել Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ Ռուսաստանն իր խոստումը կատարել է և հիմա հերթը Ադրբեջանին է։
«Մոսկվան ամեն ինչ արել է, ինչ պահանջվում էր, կատարել է իր խոստումները։ Մենք նպաստեցինք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության կնքմանը, մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց այդ կարգավիճակը պետք է լինի, հակառակ դեպքում իրավիճակն այսպիսի տեսք ունի՝ մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ պատասխան ստանում ենք՝ «ոչ մի դեպքում, ոչ դաշնակցային ուժ»։
Մի՞թե դրա համար է անցկացվում հեռանկարային Մոսկվա-Բաքու առանցքը, որը դիրքավորում էր Ադրբեջանին, որպես Հարավային Կովկասում գլխավոր ռազմավարական դաշնակցի»,- հարց է տալիս Դուգինը ու նշում՝ սպասում են, որ հաջորդ քայլը կլինի Բաքվից։ «ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցումը կդադարեցներ որևէ կողմի խոսակցությունը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և դրա համար նրան պիտի օգնենք։
Այդպիսով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կհավասարվեն ու Ադրբեջանը կարող է իրեն ավելի ազատ զգալ։ Ռազմատեխնիկակական համագործակցությունն էլ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև գտնվում է ամենաբարձր մակարդակում»,- ասել է Դուգինը։
Նա ընդգծել է, որ Ալիևը գիտակցում է Բաքու-Մոսկվա առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը և բոլոր մարտահրավերներին կտա համարժեք պատասխան։ «Բայց ես տեսնում եմ, որ Կրեմլում կա որոշակի թայմինգ։
Ռուսաստանում կան ուժեր, որոնք աջակցում են Մոսկվա-Բաքու ռազմավարական առանցքին։ Բայց պետք է սթափ հասկանալ, որ կան նաև նրանք, որոնք դեմ են։ Եվ նրանք, որոնք «դեմ» են, շշնջում են «կողմերին»։ Պուտինը պրագմատիկ է, նա նայում է։ Եվ այստեղ արդեն իսկ լուրջ հարց կա ոչ թե բարոյականության, այլ մեծ աշխարհաքաղաքականության»,- եզրափակել է Դուգինը։