Մամուլ

Մնացել է 3 աղմկոտ ձերբակալություն՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մնացել է 3 աղմկոտ ձերբակալություն՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան։

«Ակնհայտ է, որ իշխանության գործերը լավ չեն։ Նրա գլխավերեւում դամոկլյան թրի պես կախված են հարցեր, որոնք նա չի ցանկանում եւ չի կարողանում լուծել, բայց որոնց հրատապությունը չի նվազում։ Պարզ է, որ ի վերջո մի օր Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ պատասխանի այդ հարցերին։ Օրինակ՝ հիմա Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ չի աշխատում։ Փորձաքննության փորձաքննություն, նոր ՇՄԱԳ, նոր քրեական գործ․ այդ ամենից բոլորը հոգնել են, բայց հստակություն չկա։ Ի վերջո, գործադիրի ղեկավարից սպասում են հստակ պատասխան՝ այո կամ ոչ։

Հստակ պատասխան են ակնկալում Ստամբուլյան կոնվենցիայի ճակատագրի հետ կապված՝ վավերացնո՞ւմ եք, թե՞ ոչ։

Սրան գումարվում է քաղաքական թիմին պահելու հրամայականը, եւ այստեղ արդեն երկրորդական է՝ Արայիկ Հարությունյանը ճի՞շտ է, թե՞ սխալ՝ Արայիկին պետք է պահել ատամներով։ Նա ամենահին ու հավատարիմ զինակիցն է։ Ու կարեւոր չէ, թե քանի ակադեմիկոս, պրոֆեսոր կամ ուսանող է դեմ ազգային առարկաները հանելուն։ Եթե անգամ վերանանք Մելի սեռափոխության թեմայից եւ կենտրոնանանք նրա սպորտային անցյալի վրա, ապա հարց է առաջանում՝ ախր, նա դոպինգի սկանդալի կիզակետում է եղել, նրանից վերցրել են բոլոր մեդալները, նրա պատճառով Հայաստանի կանանց հավաքականը կարող է զրկվել 2020-ի օլիմպիական խաղերին մասնակցելուց։

Այսինքն՝ ֆիլմ մի մարզիկի մասին, որն անազնիվ է եղել իր կարիերայում եւ վնասել է երկրի հավաքականի, մյուս մարզիկների կարիերան։ Սրանք հարցեր են, որոնք կապ չունեն իշխանության ընդունած որոշումների հետ։ Որովհետեւ այստեղ գլխավորը դա չէ, այլ այն, որ իշխանությունը պետք է անի այն, ինչ ուզում է։ Ու երբ հանդիպում է դիմադրության, պետք է կոտրի այդ դիմադրությունը։ Եվ եթե տեսնում է, որ վատ PR է իր համար, պետք է ավելի ազդեցիկ PR քայլ մտածի։

Այդ քայլերից ամենափորձվածն ու ավանդականը նոր անձի ձերբակալությունն է։ Աղմկոտ ձերբակալության թեկնածուների ցանկը մեծ չէ։ Ըստ իս՝ 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան եւ Միքայել Մինասյան։ Նրանց ժամանակին ծրագրել են ձերբակալել, բայց այս կամ այն պատճառով հետաձգել են։ Հիմա կարծես պահը հասունացել է։ Տեսնենք, թե ցանկից ում կընտրեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել