Մամուլ

Մերձավանի ՔՊ-ական նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը երկրում չէ

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը: Այս սպանությունը իրավապահները փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ, իսկ Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանը երկրում չէ, հեռացել է Հայաստանից, ինչը կասկածներ է առաջացնում, որ Ախտոյանը տեղյակ է եղել՝ սպանության մասին, եւ օր առաջ հեռացել է երկրից։

Տեղեկությունն այսօր փորձեցինք ճշտել Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից, նա ասաց՝ չեմ ցանկանա այս պահին պատասխանել, նա նաեւ անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ոստիկանությունը գնացե՞լ է Ախտոյանների տուն։

Նշենք, որ Ախտոյանին վերջին անգամ նկատել ենք այս տարվա մարտին՝ Փարաքարի ընտրությունների ժամանակ․ նա ընտրատեղամասերից մեկում ՔՊ-ից վստահված անձ էր։