Շոու-բիզնես

Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է. Մկրտիչ Արզումանյան

Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է. Մկրտիչ Արզումանյան

«Qahana.am» կայքը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո ձեզ կներկայացնենք սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ «Եկեղեցին և մենք» թեմայով:

Մեր առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր նախաձեռնություններին և որտեղի՞ց է գալիս այդ հավատքը՝ փորձեցինք պարզել անձամբ դերասանից:

-Եթե երբևիցե որևէ խնդրանք կամ սպասելիք եք ունենում, աղոթքով դիմո՞ւմ եք Աստծուն:

-Միշտ: Կարելի է ասել՝ այնպիսի օր չի լինում, որ աղոթքով Աստծուն չդիմեմ: Մտքերով հաճախ Աստծու հետ եմ:

-Կարո՞ղ եք հիշել մի դեպք, որ զգացել եք Աստծո ներկայությունը, օգնությունը:

-Նման դեպքեր շատ են եղել: Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է: Հիմնականում անձնական բնույթի դեպքեր են, չեմ ցանկանա մանրամասնել…

-Մկրտիչ Արզումանյան, իսկ Ձեր կյանքում Հայ Առաքելական եկեղեցին ի՞նչ դեր, կարևորություն, նշանակություն ունի:

-Տատիկներս հաճախ էին եկեղեցում լինում: Այդ դաստիարակությունը նրանցից եմ ժառանգել: Այնպես որ իմ կյանքում եկեղեցին, հավատքը կարևոր բաղադրիչներ են:

Մկրտիչ Արզումանյան

Մկրտիչ Արզումանյան

-Հիմա դուք Ձեր ընտանիքն ունեք՝ կին, երեխաներ: Հաճա՞խ եք այցելում եկեղեցի:

-Անձամբ ես հաճախ եմ լինում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ ընտանիքիս հետ պարբերաբար Սաղմոսավանք ենք այցելում, որը դարձել է մեզ համար շատ հարազատ ու հաճելի վայր:

Դա ուղղակի մեզ համար անհրաժեշտություն, ապրելակերպ է դարձել:

-Եկեղեցական տոներին ինչպե՞ս եք վերաբերում: Ունե՞ք սիրելի տոն:

-Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներն եմ շատ սիրում:

-Հին ժամանակներում սովորույթ է եղել այդ տոներին, ինչպես ամանորին, նվերներ մատուցել: Դուք նման սովորություն ունե՞ք:

-Ճիշտն ասած՝ չգիտեի, որ նվերներ են տալիս: Ավելի շատ շնորհավորում և շնորհավորանքներ եմ ստանում:

-Կհիշե՞ք, առաջին անգամ ե՞րբ եք եկեղեցի գնացել:

-Ես Գյումրիում եմ մեծացել: Շատ փոքր էի, բայց հիշում եմ, որ մայրս ու իր տատիկը ինձ միշտ պատարագների էին տանում:

Իմ մեջ վառ տպավորություն է թողել եկեղեցու հոտը, պատերը, դռները, մինչև հիմա հիշում եմ…

-Իսկ հիմա պատարագներին մասնակցո՞ւմ եք:

-Ոչ հաճախ, բայց աշխատում եմ հնարավորինս ներկա լինել… Յուրահատուկ զգացումներ են առաջանում, ուժ է տալիս այդ ամենը ու մաքրում բացասական զգացողություններից, ինչն այսօր շատ է մեզ շրջապատում:

Մկրտիչ Արզումանյան

-Մկրտիչ Արզումանյան, հավանաբար ծանոթ եք յոթ մահացու մեղքերին: Որի՞ց չի հաջողվում խուսափել:

-Շատ անկեղծ հարց եք տալիս: Հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում: Ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, ձգտում եմ մաքուր ու դրական լինել և՛ շփումներում, և՛ կյանքում…

-Իսկ պատվիրաններին հետևո՞ւմ եք:

-Չէի ցանկանա շինծու պատասխան հնչեցնել: Ամեն դեպքում, աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի պատվիրանները չխախտեմ:

Թե ինչքանով է ստացվում՝ չեմ կարող ասել: Տպավորություն թող չստեղծվի, որ սուրբ եմ ու ապրում եմ պատվիրաններով:

Ուղղակի աշխատում եմ բոլորն էլ պահել ու դրական տպավորություն և ազդեցություն թողնել շրջապատիս վրա: Եթե դու հավատում ես ու աշխատում ես այնպես անել, որ ամեն ինչ ճիշտ լինի, բնականաբար պետք է հետևես պատվիրաններին:

Եթե ուղղակի եկեղեցի գնաս ու ձևացնես, որ Աստծուն հավատում ես, դրանից ոչինչ չի փոխվի, պետք է հնարավորինս այդ հավատի մեջ ապրել…

Կիսվել