Մամուլ

Մի քանի երկիր բոյկոտել են «Եվրատեսիլ»-ը Իսրայելի մասնակցության հաստատման պատճառով

Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան հայտարարել են, որ բոյկոտում են 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, քանի որ Իսրայելին թույլատրվել է մասնակցել մրցույթին։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս երկրներն այն մի շարք երկրների թվում էին, որոնք կոչ էին անում բացառել Իսրայելին մրցույթից՝ Գազայի հատվածում ավելի քան 70 000 մարդու կյանք խլած պատերազմի, ինչպես նաև քվեարկության ժամանակ անարդար գործելակերպի մեղադրանքների պատճառով։

Ժնևում կայացած հանդիպման ժամանակ իսպանական RTVE հեռարձակող ընկերությունը կոչ էր անում գաղտնի քվեարկություն անցկացնել այս հարցի շուրջ։

Ըստ հեռարձակողի, սակայն, կազմակերպիչները մերժել են այդ դիմումը, որը «մեծացրել է անվստահությունը փառատոնի կազմակերպման նկատմամբ»։

Իսպանիան Եվրատեսիլի «Մեծ հնգյակի» երկրներից մեկն է՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին։

Նրանց երգիչներին թույլատրվում է անմիջապես մասնակցել եզրափակչին, քանի որ այդ երկրների հեռարձակողները ամենամեծ ֆինանսական ներդրումն են կատարում Եվրոպական հեռարձակողների միության (EBU) համար։

Իռլանդական RTÉ ազգային հեռուստառադիոընկերությունը նույնպես մասնակցությունից հրաժարվելիս նշել է Գազայի հատվածում «մարդկային կյանքի սարսափելի կորուստները և այնտեղ տիրող մարդասիրական ճգնաժամը»։

Իսկ, օրինակ, Գերմանիան հայտարարել էր, որ իրենք դուրս կգան մրցույթից և չեն հեռարձակի «Եվրատեսիլ»-ը, եթե Իսրայելին չթույլատրվի մասնակցել։