Մամուլ

Մի կաթիլ մեղրի պատմություն Արմավիրի մարզում․ կրակել է Opel-ի ուղղությամբ, ինչի պատճառով էլ վարորդը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում և տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Մինչ ոստիկանները ու պարեկները կժամանեն դեպքի վայր, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ 43-ամյա Սարգիս Ճ.-ն գյուղի սկզբնամասում՝ միջնակարգ դպրոցի դիմաց, դարանակալել է և երբ Արծրունի Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է իր տեսադաշտում, իր մոտ եղած ինքնաձիգից դիմահար կրակոցներ է արձակել «Opel»-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ Արծրունի Բ.-ն հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոցում մահացել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից կրակված պարկուճ, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած, բնակչի հողամասում հայտնված «Opel Zafira» մակնիշի դիմապակու էլ՝ կրակոցի հետքեր։

Մինչ փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էր, ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում ենթադրյալ կասկածյալ Սարգիս Ճ-ն և նրան Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում հայտնաբերում, սպանության կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանում է իր կողմից կատարված արարքը։

Վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հավաքված՝ սպանվածի ու սպանությունը կատարողի համագյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ դեպքը մի կաթիլ մեղրի պատմությանն է նման։

Սպանվածի հարազատները սպանությունը կատարողի տղայի հետ վիճաբանություն են ունեցել, ինչի մասին հայրն իմացել է, որից հետո նա դարանակալել է գյուղի սկզբնամասում՝ դպրոցի հարևանությամբ, ու երբ «Opel»-ը մտել է գյուղ, նա դիմահար կրակոցներ է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի պատճառով էլ Opel-ի վարորդը վիրավորվել է, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել բնակչի հողամասում։

Կիսվել