Մամուլ

«Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ ոչ մի զիջում». Էրդողան

«Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ ոչ մի զիջում». Էրդողան

Միջերկրական ծովի շուրջ ծագած միջպետական վեճերում Անկարան չի նահանջելու, նախօրեին Անկարայում, Բոսնիայի և Հերցեգովինայի եռանախագահության անդամների հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Միջերկրական ծովի արևելյան հատվածին վերաբերող խնդիրներում Թուրքիայի տեսակետը անփոփոխ է։ Մեր երկիրն այս հարցում որոշիչ դերակատարություն ունի, և որևէ զիջման մենք չեն գնալու», – հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Էրդողանի այս հայտարարությունը հնչեց այն նույն ժամերին, երբ Աթենքում մեկնարկել էր երկկողմ՝ հույն-թուրքական դիվանագիտական խորհրդակցությունների հերթական՝ 62-րդ փուլը։

Հունական կողմը հատուկ ընդգծում էր՝ Աթենքի հյուրանոցներից մեկում կազմակերպված այդ դռնփակ քննարկումները ոչ թե բանակցություններ են այլ ընդամենը խորհրդակցություն, որի միակ նպատակը երկու երկրների միջև հետագա պաշտոնական շփումների համար հիմք ստեղծելն է։

ռուս նավատորմ

Նշենք, ի դեպ, որ Անկարայի և Աթենքի միջև առկա հիմնական տարաձայնությունները վերաբերում են հարցերի այն շրջանակին, որ պետք է ընդգրկվի հնարավոր բանակցությունների օրակարգում։ Հույն դիվանագետների համոզմամբ, երկկողմ բանակցությունների միակ նպատակը պետք է լինի Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում գտնվող բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային շելֆի սահմանների հստակեցումը։

Պաշտոնական Անկարան սակայն նման մոտեցմանը կտրականապես համաձայն չէ՝ պնդելով, որ Թուրքիան և Հունաստանը պետք է հարցերի անհամեմատ ավելի լայն շրջանակ քննարկեն, – գրում է Ազատություն ռադիոկայանը։

Կիսվել