Միջադեպ Գյումրիում՝ Փաշինյանի ու Քոչարյանի աջակիցների միջև
Միջադեպ Գյումրիում՝ Փաշինյանի ու Քոչարյանի աջակիցների միջև
Այսօր Գյումրիում, որտեղ անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը, միջադեպ է տեղի ունեցել վարչապետի պաշտոնակատար, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև։ Այս մասին տեղից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հանրահավաքից հետո Վարդանանց հրապարակից երթ է տեղի ունեցել։ Երբ Փաշինյանի աջակիցները անցնելիս են եղել «Հայաստան» դաշինքի շտաբի կողքով, սկսվել է փոխադարձ գոռգոռոց, հրմշտոց ու հայհոյանքներ։
«Հայաստան» դաշինքի Շիրակի մարզային համակարգողներից Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիային պատմել է, որ հրմշտոցը սկսել են փաշինյանականները։
«Մենք սկզբում չէինք հասկանում` ինչ երթ է, հետո նրանց միջից այսպես կոչված «ծպտյալ ոստիկանները» կամ Գռզոյի բերետավորները գոռացին մեր ուղղությամբ` դավաճաններ, ու սկսեցին հայհոյել ու հարձակվել: Երբ իրենք այդ պահվածքը ցույց տվեցին, ես էլ հայհոյեցի: Ամեն ինչ լուրջ ընթացք չընդունեց միայն մեր տեղի ոստիկանների շնորհիվ»:
Կարապետ Պողոսյանը խոստացավ առաջիկայում հրապարակել այդ միջադեպի տեսագրությունը: