Միշտ երազել եմ Հայաստանի մասին, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ վարչապետին, արտահայատել իր դժգոհությունը՝ առանց ծեծվելու
«Ես միշտ երազել եմ Հայաստանի մասին, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ փողոցով զբոսնող վարչապետին՝ առանց անվտանգության աշխատակիցների կողմից հրվելու ու հետո արտահայատել իր դժգոհությունը՝ առանց ծեծվելու՝ որքան էլ անտակտ լինի արտահայտման ձևը»։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Նաև միշտ երազել եմ Հայաստանի մասին, որտեղ մամուլը կարող է գրել սրա մասին՝ առանց կաշառվելու կամ փակվելու վախի՝ որքան էլ մանիպուլյատիվ լինեն հրապարակումները։
Թավշյա հեղափոխությունից հետո մեր քաղաքական թիմն իրականություն է դարձրել այս Հայաստանը։ Ու եթե 4, 10, 15 կամ 20 տարի հետո մենք պարտվենք ընտրություններում ու կորցնենք իշխանությունը, ես կրկին գոհ կլինեմ, որովհետև նաև միշտ երազել եմ Հայաստանի մասին, որտեղ քաղաքացին իրապես ընտրելու իրավունք ունի։
Սակայն ես ամենևին չեմ համարում, որ մեր արածը բավարար է։ Այո, բան փոխվել է ու շատ, բայց մենք պարտավոր ենք անել ավելին ու անելու ենք ավելին, որովհետև հայ ժողովուրդը միշտ արժանի է ավելիին։
Նախկին կոռուպցիոներների ու թալանչիների ու վերջիններիցս սնվող լրատվամիջոցների կողմից անընդհատ շրջանառվող «Բան չի փոխվել» երեսպաշտությունը փոխարինել ազնիվ քաղաքացիների «Պետք է ավելին» պահանջով՝ սա է, իմ ընկալմամբ, ճանապարհը դեպի առողջ քաղաքական քննարկումներ ու դեպի զարգացում» ,-գրել է Ռուբինյանը։