«Միհրանին ասել էի ինձ առաջարկություն անի, երբ միայն երկուսով կլինենք». Արփիի հուզմունքն ու անպատրաստ լինելը Միհրանի առաջկությանը
«Միհրանին ասել էի ինձ առաջարկություն անի, երբ միայն երկուսով կլինենք». Արփիի հուզմունքն ու անպատրաստ լինելը Միհրանի առաջկությանը:
Նրանց սիրավեպի մասին պարբերաբար լուրեր էին տարածվում, ապա հանդարտվում, քանի որ որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ թեմայով չկար, նրանց՝ հաճախ միասին լինելը շատերը բացատրում էին համատեղ նախագծերով, շատերն էլ վստահ էին՝ զույգին միայն գործնական հարաբերությունները չեն կապում. բոլոր պատասխանները հնչեցին երեկ՝ Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգին. երգիչը հենց բեմում ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Արփի Գաբրիելյանին՝ անակնկալի բերելով ու հուզելով սիրելիին:
Tert.am Life-ը ներկայացնում է զույգի հետ հարցազրույցը:
Միհրանը երկրպագուներին հրավիրել էր ներկա լինելու իր «Սիրո կինոյին» և ամեն ինչ արեց, որպեսզի օրը համապատասխանի խորագրին: «Սիրո կինոյի» գլխավոր դրվագին՝ Միհրան Ծառուկյան-Արփի Գաբրիելյան զուգերգին երկրպագուների սպասումն ավելի ուժգնացրեց շոուն՝ փոքրիկ լռությունը, որի ընթացքում Միհրանը գնաց հետնաբեմ՝ հագուստը փոխելու:
Սիրելիի հետ զուգերգը կատարելու համար նա բեմ բարձրացավ «սմոքինգով», և սա պատահական չէր. «Անհնար է քեզնից առավել աշխարհում այս ուրիշին սիրել» երգեցին նրանք, սակայն կատարումից հետո Միհրանը բաց չթողեց սիրելիի ձեռքն ու ամուսնության առաջարկություն արեց նրան:
«Ուզում եմ մի քանի ժամ առաջ ընկնել, քանի որ մի քանի ժամից Արփիի ծննդյան տարեդարձն է, ուզում եմ հիմա շնորհավորել իրեն»,- ասաց երգիչն ու վարդերի 7 ծաղկեփունջ նվիրեց նրան, մինչ երգչուհին ուզում էր հասկանալ, թե ինչպես տանի այդքան ծաղիկները, Միհրանը հանեց նաև ամուսնական մատանին:
Հուզված Արփին քչախոս էր, խոսքերի փոխարեն գրկախառնվեց սիրելիին. նման անակնկալն այնքան անսպասելի էր նրա համար, որ նույնիսկ օրվա համար ընտրած զգեստը փակում էր ձեռքերը:
Արփիի համար պահը շոկային էր, քանի որ չնայած մի քանի տարի միասին լինելուն՝ ամուսնության հանրային առաջարկություն չէր սպասում: Հետնաբեմում նա ժպիտով հիշեց, որ ժամանակին Միհրանին ասել էր՝ եթե մի օր որոշի իրեն ամուսնության առաջարկություն անել, այնպես անի, որ այդտեղ միայն երկուսով լինեն: Միհրանն այս դրվագը չմտաբերեց, իսկ սիրելիի համար առաջարկի պահն անմոռանալի դարձնելուն երկար էր պատրաստվել:
«Երկար ժամանակ է՝ պատրաստվում էի դրան: Երբ եկավ մենահամերգի պահը, հասկացա, որ ավելի լավ պահ չկա այդ անակնկալը մատուցելու համար»,- ասաց երգիչը:
Արփին, ով այսօր տոնում է 30-ամյակը, նախապես չէր սպասում շնորհավորանքի. «Եթե անկեղծ, ինձ թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ինձ մի քանի անգամ կսմթեցին, որպեսզի հասկանամ, որ այս ամենն ինձ հետ է կատարվում, բացարձակ չէի սպասում:
Ինձ համար շատ տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ պետք է ծնունդս շնորհավորեին, որովհետև ասում են՝ նախապես չեն շնորհավորում, հետո արդեն տեսա մատանին…»,- ասաց դերասանուհին, ով իրեն շնորհավորելու եկած շատ մարդկանց առաջ զուսպ էր, բայց երբ առանձնացավ բոլորից, նկատելիորեն հուզվել էր:
Տարիներ շարունակ անձնական կյանքը փակ պահելուց հետո ամեն ինչ հանրային դարձնելը ևս Արփիի համար անսպասելի էր. «Ես երբեք չեմ սիրել հանրայնացնել իմ անձնական կյանքը: Տեսակով ուշադրություն չսիրող մարդ եմ, որքան էլ տարօրինակ է ու չի համապատասխանում ընտրածս մասնագիտությանը:
Երբևէ չեմ մտածել, որ կյանքս պետք է կապեմ այս ասպարեզի մարդու հետ, բայց այնպես ստացվեց, որ ընտրյալս էլ է այս ոլորտից: Երևի, դրա արդյունքում կոմպլեքսս կրկնապատկվեց, որպեսզի կյանքիս այդ դաշտը հանգիստ մնա: Կարծում եմ՝ դա շատ անձնական է և միայն երկուսինդ»:
Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ Միհրանն ու Արփին գաղտնի նշանվել են: Դերասանուհին ասաց, որ իրենք երբևէ նշանված չեն եղել: Սա առաջին պաշտոնական փուլն է իրենց հարաբերություններում: Ամուսնության մասին զույգը դեռ չի խոսել: Միհրանն ասաց, որ դեռ նշանվելու փուլն է, ամուսնության մասին կխոսեն, երբ պահը գա:
Ի դեպ, երեկվանից շատեր քննարկում են, թե րքան է զույգի տարիքային տարբերությունը՝ 2 տարի, Միհրանը վերջերս բոլորեց 32 տարին, Արփին այսօր դառնում է 30: Օրվա առթիվ երգչուհին հատուկ երեկույթ չի կազմակերպել, թեև անակնկալները, գուցե, շարունակվեն:
Աղբյուր՝ tert.am