ՄամուլՏեսանյութ

Մեքենաներից իջնում են և 10-ից ավելի անձանցով քաղաքացուն ծեծի ենթարկում (Տեսանյութ)

Մեքենաներից իջնում են և 10-ից ավելի անձանցով քաղաքացուն ծեծի ենթարկում (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ:

2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանդրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական, վարութային և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության և շարժառիթի մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։

Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին և հետապնդելով` նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան:

Ժամը 19:00-ի սահմաններում Վ.Մ.-ն ավտոմեքենան կայանել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց, որից հետո շուրջ մեկ տասնյակից ավելի անձինք, խմբի կազմում, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով նաև այլ ավտոմեքենաների երթևեկությանը:

Այնուհետև, մոտենալով Վ.Մ.-ի ավտոմեքենային՝ բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը և անտեսելով փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայության հանգամանքը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վ.Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ, սակայն վրիպել է:

Վերը նկարագրված գործողությունների արդյունքում տևական ժամանակ խաթարվել է փողոցի տվյալ հատվածի երթևեկությունը, խոչընդոտվել հարակից տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը և խախտվել ներկա գտնվող մարդկանց անդորրը՝ վերջինների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացում:

Նախաքննության ընթացքում Վ.Մ.-ն ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Զննվել է դեպքի վայրը, որտեղից վերցվել է տեսանկարահանող սարքի տեսաձայնագրությունը և ենթարկվել զննության, ինչի արդյունքներով պարզվել են ինչպես տուժողին ծեծի ենթարկած անձանց, այնպես էլ՝ նրա ուղղությամբ կրակոցներ արձակողի ինքնությունը, ովքեր, քննության տվյալներով, հանդիսանում են նշված ՍՊԸ աշխատակիցներ և Աբովյան խոշորացված համայնքի բնակիչներ:

«Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ դիմապակու վրա հայտնաբերվել են վնասվածքներ, ինչպես նաև վերցվել է մեկ կրակված պարկուճ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է։ Վերջինիս, ով հանդիսանում է առերևույթ կրակոց արձակող անձը, մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մյուս երեքի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մի 1-ին կետով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար, և Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել