Շոու-բիզնես

Մեր հավատի հերն անիծել չի կարելի, կոլեգաներիս ուզում եմ ասել՝ եկեք կինտոյավարի չապրենք․ Լևոն Հարությունյան

«Աստծո կողմից մեզ բաժին հասած շանսը չպետք է բաց թողնել։ Եթե սա էլ բաց թողեցինք, երկրում կմնան հաշված մարդիկ։ ՀՀԿ-ում նստած են մարդիկ, որոնք հետո կցանկանան հաշվեհարդար տեսնել, ու դա մեր քթից է գալու»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Լեւոն Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում տիրող ներքին քաղաքական մթնոլորտին, մասնավորապես Հանրապետական կուսակցության դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։

Ի դեպ, Լեւոն Հարությունյանն այն հայտնիներից է, որոնք այս օրերին միացել են ցուցարարներին եւ իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին։ «Եթե այսօր մեզ ընձեռված հնարավորությունը բաց թողնենք, վաղը ժողովուրդը զենքով է դուրս գալու։ Ես չեմ ուզում բարձրանալ, ինչ-որ հարթակներից խոսել, որովհետեւ դեռեւս վեց տարի առաջ իմ խոսքն ասել եմ։ Բայց հասկացա, որ այս երկրում խոսքը չի անցնում, պետք է գործել, եւ այսօր մենք գործում ենք»,-շեշտեց դերասանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այսօր վերականգնվեց ազգի հպարտությունը, մենք հասկացանք՝ ինչ բան է հաղթանակը, թասիբը. «Այդ հավատի հերն անիծել չի կարելի, կոլեգաներիս ուզում եմ ասել՝ եկեք, կինտոյավարի չապրենք, եկեք` մի քիչ հեռուն նայենք»,-նշեց պարոն Հարությունյանը։

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվել