«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է». Փաշինյան
Հայաստանի գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է:
Այս մասին Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանն ասել է տեսակապով նրանց միացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Խոսելով ՀՀ նոր ձևավորված կառավարության գործունեության մասին` վարչապետը նշել է, որ դրա առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը:
«Կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո մենք քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չենք ունենա, ամենակարևորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով սփյուռքի պարագային՝ վարչապետը նշել է, որ ներգրավվածության խնդիրը, երբեմն, Մայր օրենքում ամրագրված դրույթներով է պայմանավորվում: «Սահմանադրությամբ ասվում է, որ օրինակ` նախարար կարող է նշանակվել այն մարդը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում:
Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը կարողանանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործընթացում»,-վստահեցրել է ՀՀ վարչապետը:
Աղբյուր՝ armeniasputnik.am