ՄամուլՍպորտ

Մեր երկրում դրոշը գետնին գցելու համար գործից հանում են, բա երկրի դրոշը բարձրացնողին չե՞ն օգնում․ Հայտնի չեմպիոնի վիճակն օրեցօր վատանում է

«Կոլյայի վիճակն օրեցօր վատանում է: Ես չգիտեմ ՝ ինչ անեմ, ում դիմեմ: Մնում է Կոլյայի մեդալներն ու գովասանագրերը վերցնեմ, գնամ փողոց, ճանապարհ փակեմ: Մեր երկրում դրոշը գետնին գցելու համար գործից հանում են, բա երկրի դրոշը բարձրացնողին չե՞ն օգնում»,- հայացքը մի կետի սեւեռած՝ ասում է Հայաստանի չեմպիոնի հայրը:

«Հետքը» գրում է․ Հայաստանը սամբոյի Եվրոպայի մրցանակակիր Կոլյա Կարապետյանին այդպես էլ դափնեպսակով չդիմավորեց, փոխարենը ցուցաբերեց և ցուցաբերում է անտարբերություն հիվանդանոցում գտնվող մարզիկի նկատմամբ:

Հիվանդանոցում փնտրում ենք 30-ամյա Կոլյայի հիվանդասենյակը: Հարցնում եմ՝ մարզիկ Կոլյայի սենյակը կասե՞ք, օրվա հերթապահը ցույց է տալիս այն: Հիվանդասենյակի դռան մոտ միջահասարակ, սեւ շապիկով, կապույտ աչքերով տղամարդը բարեւում է մեզ: Դեմքին լարվածություն կա, կարծես հույսի վերջին «հատիկը» բռան մեջ ամուր պահած լինի: Կոլյայի հայրն է՝ Հրաչյա Կարապետյանը:

Ներսում Կոլյայի կինն է, մահճակալի կողքին նստած՝ հետեւում է ամուսնուն: Ոսկրոտ դեմքով Կոլյայի հայացքը մի կետի է հառված: Մոտ 2 ամիս այս վիճակում է: Կինը խնդրում է, որ չլուսանկարենք, ասում է՝ «ախր, Կոլյային դուք չեք տեսել, իսկ ես չեմ ուզում, որ նրան որեւէ մեկն այս վիճակում տեսնի»:

Հրաչյայի հետ հիվանդասենյակից դուրս ենք գալիս: Երկար միջանցքով քայլում ենք դեպի խոհանոց, որտեղ էլ սկսում ենք զրույցը:

Կոլյան 6 տարեկանից սկսել է մարզվել սամբո մարզաձեւով: Այդ տարիներին ընտանիքը բնակվում էր Արտաշատի Այգեստան գյուղում, հայրը պատմում է, որ որդին ընկերոջ հետ 7 կմ քայլում էր՝ Արտաշատի մարզադպրոց հասնելու համար: Երբ արդեն 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ շարունակել է մարզումները:

Հրաչյա Կարապետյանը երկու որդի եւ մեկ դուստր ունի, Կոլյան կրստեր որդին է: Հայրն առանձնակի հպարտությամբ է խոսում նրա մասին: Ասում է՝ պարտադիր ժամկետային զինծառայությունն անցել է «Եղնիկներում», որտեղ հետախույզ սերժանտ է եղել:

Կոլյան Հայաստանի սամբոյի առաջնությունում 62 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել, սպորտի վարպետ է: Ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո ոստիկանության եռամսյա դասընթաց է անցել ու աշխատանքի տեղավորվել ոստիկանությունում որպես օպերլիազոր:

2017 թ. մայիսի 18-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո Կոլյայի ինքնագնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է: Հայրն ասում է, որ որդին մրցումների ժամանակ է վնասվածք ստացել, ապա նշում, թե Կոլյան իր ոտքով է գնացել հիվանդանոց:

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ մարզիկի մոտ գրանցվել է տարածուն արյունազեղում, գլխուղեղի աջ կիսագնդի հեմատոմա, երկրորդային թարախային մինինգիտ, խրոնիկական միջկիսագնդային հեմատոմա, թոքաբորբ՝ ուղեկցվող բարդություններով: Բժիշկները հաստատել են, որ արյան զեղումը եղել է ստացած հարվածների հետեւանք:  

«Բելառուսում մնացինք 5 ամիս (Կոլյան գտնվում էր Մինսկի շտապօգնության քաղաքային կլինիկական հիվանդանոցում, նրա առողջական վիճակի մասին լուրն իմանալուց հետո Մինսկ էր գնացել նաեւ հայրը), այդ ընթացքում գլուխը 7 անգամ վիրահատել են, արյունը չէր մակարդվում, դրա համար շունտ են տեղադրել»,- պատմում է հայրը:

Հրաչյա Կարապետյանն ասում է՝ որդուն շվեյցարական արտադրության դեղեր էին անհրաժեշտ, օգնության համար զանգահարել էր Հայաստան՝ առողջապահության, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններ, ոստիկանություն, սակայն որեւէ արձագանք չի ստացել: Հիվանդանոցի մոտակայքում գտնվող խանութ գնալու ճանապարհին պատահաբար հանդիպել է անծանոթ հայի, ով էլ օգնել է ձեռք բերել դեղերը:

Կիսվել